«Նայեցի աստղերին, երազանք պահեցի և այն կատարվեց»․ Մարիաննա Մխիթարյանը ծննդյան գլխավոր երազանքի ու ամենատպավորիչ անակնկալի մասին

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը ապրիլի 2-ին նշում է իր ծննդյան օրը։
Showbiz.am կայքի հետ զրույցում Մարիաննա Մխիթարյանը կիսվում է իր գլխավոր երազանքով, զգացմունքներով և ապագայի ծրագրերով։

Ծննդյան օրվա երազանքը
Իմ այս տարվա գլխավոր երազանքի մասին կխոսեմ մյուս տարի։ Սիրում եմ անցյալով խոսել։ Երազանքներս շատ տարբեր են։
Գուցե ամպագորգոռ հնչի, բայց իմ ամենամեծ երազանքը մեր երկրի խաղաղությունն է, որ մենք ավելի շատ ժպտանք և հավաքվենք միայն ուրախ առիթներով։

Ամենատպավորիչ նվերը
Այնքան շատ են եղել, որ չեմ հիշում։ Տարբեր հասակներում նվերները տարբեր են եղել։
Երբ փոքր էի ծնողներս հնարել էին մի կերպար, ում անունը Չուռլիկ էր։ Երբ սկսեցի չհավատալ, որ նա գոյություն ունի, Չուռլիկն ինձ հեռագիր ուղարկեց և շնորհավորեց ծննդյանս օրը։ Դա շատ է տպավորվել։
Ամեն տարի լինում են տարբեր անակնկալներ, չեմ սիրում ինչ-որ բան առանձնացնել։
Իսկապես, երջանիկ և ուրախ եմ ամեն ջերմ խոսքի համար։ Շատ զգացվում է, երբ մարդն անկեղծ է շնորհավորում։
Երազանք, որն արդեն կատարվել է
Հիշում եմ, որ մի օր Սունդուկյան թատրոնից վերադառնում էի տուն, վաղուց էր։ Ուշ ժամ էր, երկինքը լի էր աստղերով, նայեցի այդ աստղերին և երազանք պահեցի, որ գալիք ծննդյանս օրը ես ունենամ շատ, անկեղծ ընկերներ, ովքեր անկեղծ ինձ կշնորհավորեն։
Եվ երևի այդ ժամանակ Աստված, աստղերը կամ ճակատագիրն ինձ լսեց, և իմ երազանքը կատարվեց։ Այդ օրվանից ես հարուստ դարձա՝ ունենալով, իսկապես, լավ ու ջեմ ընկերներ, ովքեր ինձ անկեղծ շնորհավորում են։

Ի՞նչ փոխեց իմ մեջ անցած տարին
Ես ավելի շատ սիրեցի կյանքը,ավելի շատ սիրեցի մարդկանց, և ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ես կամ, շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են։
Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ես հիմա ապրում եմ։

Ի՞նչը կփոխեի իմ կյանքում
Ծննդայն օրը բոլորս դառնում ենք մի փոքր փիլիսոփա մի փոքր տխուր ու ամբողջ կյանքը մեր աչքի առաջևով է անցնում։
Ես չեմ կարող ասել, որ կյանքում ունեմ այն ամենը, ինչ կցանկանայի ունենալ, բայց կարևորը՝ չունեմ այն, ինչ չեմ ցանկանում ունենալ։
Եթե իմ այժմյան աշխարհայացքով ու գաղափարներով հնարավորություն ունենայի դիմել ինքս ինձ 18 տարեկանում՝ խորհուրդ կտայի ապրել այնպես, ինչեպս ես ապրել եմ․ հավատալ, սիրել, վստահել մարդկանց, ուշադրություն չդարձնել դժվարություններին, որովհետև այդ ամենն անցողիկ է։

Իմ հաջողության գրավականը
Ես բոլորին բարի աչքով եմ նայում, լավն եմ տեսնում ու փորձում եմ թևեր տալ։
Թևեր, թևեր տվեք, որ թռչենք վեր։
Երբ բարությամբ ենք մարդուն նայում, բարին էլ լինում է, որքան լավն ենք տեսնում ամեն բանի մեջ, այդքան լավը շատանում է։

Ապագա ծրագրերս
Մայիսի 7-28-ը կմեկնարկի «Արմոնո» միջազգային թատերական փառատոնը։ Այն կլինի շատ հետաքրքիր։
Միջազգային ծրագրում օնլայն կլինեն այն ներկայացումները, որոնք ստացել են բարձր մրցանակներ, իսկ մեր կողմից կներկայացվեն հայ հեղինակների թե՛ դասական, թե՛ ժամանակակից գործերը, ընդլայնված կլինի նաև մարզային ծրագիրը։
Ես ցանկանում եմ այնպես անել, որ թե՛ Երևանից գնան մարզեր՝ ներկայացում դիտելու, թե՛ հակառակը։ Այդ տեսակ շփումը մեզ կօգնի հայկականն ավելի գնահատել։ Մենք պետք է գնահատենք մեզ։
Բացումը փառատոնի կկայանա տաղանդավոր Ռիմա Պիպոյանի ֆիլմով, փառատոնի ավարտին կներկայացնենք «Նամակներ» խորագրով նախագիծ, որտեղ կլինեն սիրային պատմություններ։ Կլինեն նաև մանուկների համար ինտերակտիվ հեքիաթներ, որոնք նույնպես շատ կարևոր են փոքրիկների հոգեբանության համար։
Այսօր թատրոը հանդիսատեսին պետք է տա հույս, սեր, հավատ։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան