3 բաղադրատոմս` Զատկի սեղանի համար

Հայկական Զատիկի սեղանը, ինչպես հայտնի է, մեծ բազմազանությամբ աչքի չի ընկնում։ Գրեթե բոլորը նախընտրում են դասական «հավաքածուն»․ եփած ձուկ, մասնավորապես՝ իշխան, չամիչով փլավ, բանջար, կարմիր հավկիթներ և կարմիր գինի։ Ավանդաբար տոնը նշում են ընտանեկան միջավայրում։
Սակայն մեր նախնիները հատուկ այս օրվա կապակցությամբ նաև այլ ճաշատեսակներ էին պատրաստում։

Պանրխաշ
Պանրխաշը պատրաստվում է պարզ բաղադրիչներից, որոնք գործնականում միշտ ձեռքի տակ են։ Վերցնում են պանիր (ցանկալի է՝ հորած պանիր), լավաշ, սոխ, ջուր, կարագ և ձեթ։
Սկզբի համար կտրատում ենք լավաշը, պանիրը, տապակում ենք սոխը։ Խորը ամանի մեջ դնում ենք լավաշը, վրան՝ պանիրը, և այդպես մի քանի անգամ, շերտ առ շերտ։ Վրան մի փոքր եռացրած ջուր ենք լցնում և ավելացնում յուղով սոխառածը:

Սիսեռով և սալորաչրով ապուր
Սիսեռով և սալորաչրով ապուրը նույնպես ընդունված էր մատուցել Զատիկի սեղանին։ Սկզբում պետք է սիսեռը եփել, ավելացնել կտրատված սալորաչիրը, համեմել աղով, պղպեղով և մանր կտրտած ընկույզով։ Մատուցում են սամիթով և սխտորով։

Ընկույզով սպանախ
Սպանախը կիսաեփ էին անում, տեղափոխում մաղի մեջ կամ ձեռքերով սեղմում, որ ավելորդ ջուրը դուրս գա։ Յուղով սոխառած էին պատրաստում։ Այնուհետև սպանախը մի փոքր տապակում էին սոխի հետ և հարած ձու ավելացնում։ Պատրաստի ճաշատեսակը համեմվում էր մանր կտրտած ընկույզով, համեմի սերմով, աղով՝ ըստ ճաշակի։ Մատուցում էին քացախով և սխտորով։