GQ Super Women. Աննա Մելիքյանը հաղթել է «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում

Ռուսաստանում բնակվող հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը հաղթանակի է արժանացել GQ հայտնի ամսագրի Super Women մրցանակաբաշխության «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում, գրում է ՏԱՍՍ-ը՝ Conde Nast-ին հղումով:

Նշվում է՝ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 12 կանայք մրցանակների են արժանանացել մի շարք անվանակարգերում:

Աննա Մելիքյանը հաղթել է «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում, իսկ լրագրող Կատերինա Գորդեևան ՝ «Մեդիա», Եկատերինա Շերգովան ՝ «Բարեգործություն», Էլիզավետա Տուկտամիշևան՝ «Սպորտ», Սոֆիա Տրոցենկոն՝ «Արվեստ», Ալյոնա Սոլոդովիչենկոն՝ «Գաստրոնոմիա» անվանակարգում:

Մրցանակներ են շնորհվել նաև «Բիզնես», «Առանց բիզնես», «Կինո և թատրոն», «Երաժշտական արվեստ» և «Կին ղեկավար. ներքին ուժ», «Էներգիա և շնորհ» հատուկ անվանակարգերում:

GQ ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինի խոսքով՝ մրցույթն արդեն չորս տարի օգնում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև օգտակար հարաբերություններ հաստատելուն:

«Ամենամյա GQ Super Women մրցանակը կանանց ձեռքբերումների ճանաչման և հիացմունքի նշան է տարբեր ոլորտներում՝ մշակույթից և արվեստից մինչև սպորտ և բարեգործություն: Իր գոյության չորս տարիների ընթացքում խելացի, գեղեցիկ, հաջողակ կանանց մի ողջ համայնք ճանաչում է իրար: Այս ամենը GQ-ի շնորհիվ է»,- ասել է Գարանինը:

Հիշեցնենք՝ Աննա Մելիքյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 8-ին, Բաքվում, սակայն մեծացել է Երևանում։ 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա։

Մելիքյանի առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարս»-ը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը», «Սանդենս» կինոփառատոնի  ժամանակ ստացել է մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի։

Միևնույն ժամանակ Մելիքյանը «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր է՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Սիրո մասին» ֆիլմի համար:

Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում:

Նշենք՝ Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ։