Սննդամթերքի լավագույն տեսակները մաշկի առողջության պահպանման համար

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, ուստի դրա առողջությունը պահպանելու համար հարկավոր է հոգ տանել դրա մասին ոչ միայն արտաքին օգտագործման միջոցներով, այլև համապատասխան սննդանյութերով։ Մաշկային խնդիրներից խուսափելու և առողջ ու թարմ մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին հետևել սննդակարգին ուստի գերմանացի մաշկաբան Յաել Ադլերը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։

Ստեպղին

Ստեպղինը հարուստ է պրովիտամին A-ով՝ բետա-կարոտինով, որն օժտված է հակաբորբոքային հատկություններով և խթանում է մաշկի պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Տոմատի մածուկ, ձմերուկ և մասուր

Սննդամթերքի այս տեսակները պարունակում են լիկոպին՝ հակաօքսիդանտ, որը չեզոքացնում է մաշկի ազատ ռադիկալները, որոնց առաջացման պատճառ կարող են դառնալ արևի ազդեցությունն ու ծխախոտի գործածությունը։

Յուղոտ ծովային ձկներ

Յուղոտ ձկնատեսակները, այդ թվում սաղմոնը, սկումբրիան, ծովատառեխը, հարուստ են բարձրորակ սպիտակուցներով, որոնք շատ կարևոր են պիրկ մաշկի համար, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամին D-ով ու սելենով, որոնք կանխում են բորբոքումները։

Ընկույզներ, ավոկադո ու սառը մզման բուսայուղեր

Ընկուզեղենը, ավոկադոն և այնպիսի բուսայուղերը, ինչպիսին են կտավատի յուղը, հունական ընկույզի յուղը, սևուկի յուղն ու ձիթայուղը, պարունակում են կարևոր մոնոչհագեցած ու պիլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք նպաստում են մաշկի զարգացմանն ու վերականգնմանը։ Բացի այդ, դրանք ապահովում են նաև օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անհրաժեշտ քանակությունը` այդ կերպ հակազդելով բորբոքումներին։

Բուսական ծագման մթերք

Գետնախնձորը, արտիճուկը, ռուկոլան, ծնեբեկն ու բուսական ծագման սննդամթերքի այլ տեսակները պարունակում են մանրաթելեր ու դառը նյութեր որոնք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների աճին, բարելավում են սննդարար նյութերի յուրացումն ու պաշտպանում են տոքսիններից։