Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը չի մասնակցի ապրիլի 30-ից մայիսի 9-ը կայանալիք Մադրիդի թենիսի բաց առաջնությանը՝ մրցաշարի տնօրեն Իոն Տիրիակի սկանդալային հայտարարությունների պատճառով, գրում է yahoo.com-ը։
Ամիսներ առաջ ռումինացի միլիարդատերը հայտարարել էր, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհին «գեր» է, «լավ մարզավիճակում չի գտնվում» և «տարիքով շատ մեծ է հաջողությունների հասնելու համար»։
«Նման տարիքում և այդպիսի քաշով նա արդեն այնքան էլ հեշտ չի շարժվում, որքան 15 տարի առաջ։ Սերենան հիանալի խաղացող էր։ Եթե նա գոնե մի փոքր ինքնասիրություն ունենար, կթողներ թենիսը»,- ասել էր նա։
Նրա մեկնաբանությունները զայրացրել էին Ուիլյամսի բազմաթիվ երկրպագուներին և թենիսիստուհու ամուսնուն՝ Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանին։
«Կարելի է վստահաբար ասել, որ ոչ ոքի հետաքրքիր չէ՝ ինչ է ասում Իոն Տիրիակին»,- Twitter-ում գրել էր նա՝ վերջինիս անվանելով «սեքսիստ ծաղրածու»։