«Բացառիկ կին է»․ Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինն ու փեսացուն աստղին գովել են իր տաղանդների համար (լուսանկարներ)

Երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի երկու նախկին զուգընկերները՝ երգիչ Մարկ Էնթոնին և դերասան Բեն Աֆլեքը, գովել են Լոպեսին՝ իր տաղանդի, աշխատանքային էթիկայի և աշխատասիրության համար։

Աֆլեքը և Էնթոնին հարցազրույց են տվել InStyle ամսագրին, որի մայիսյան համարի շապիկին հայտնվել է Ջենիֆեր Լոպեսը։

«Եթե Ջենիֆերը հանդես է գալիս մտահղացմամբ, ուրեմն նախքան դրա մասին բարձրաձայնելը հազար անգամ պատկերացրել է և եթե ինչ-որ մեկն ասի, որ դա այդքան էլ լավ գաղափար չէ, նա կառարկի՝ ասելով․ «Դու այն լավ չես պատկերացնում»»,- ասել է Լոպեսի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին։

Երգիչը նաև իր երկվորյակների մորն անվանել է «իր կյանքում հանդիպած ամենաաշխատասեր մարդկանցից մեկը»։

«Երբ միասին էինք, ես նրա հակապատկերն էի։ Հիմա ամեն ինչ փոխվել է, նրանից շատ բան եմ սովորել։ Նա բացառիկ կին է»,- հավելել է երգիչը։

48-ամյա Աֆլեքը, որը Լոպեսի հետ հանդիպել է 2002-2004 թվականներին, հայտնել է՝ միշտ հիացել է նրա աշխատանքային էթիկայով։

Դերասանի խոսքով՝ այն լրջությունը, որով նա վերաբերվում էր իր աշխատանքին, հանգիստ և անձնուրաց մոտեցումը, որը դրսևորում է իր նպատակներին հասնելու համար, միայն հիացմունքի են արժանի։

«Նա մեծ տաղանդ ունի, բայց նաև շատ է աշխատել իր հաջողության համար, և ես այնքան երջանիկ եմ, որ նա հասել է այն ամենին, ինչին արժանի է»,- ասել է երգչուհու նախկին փեսացուն։