«Իմ կյանքում խառնաշփոթ էր»․ Բայդենի որդին պատմել է մերկապարուհու հետ կապի և երեխայի լույս աշխարհ գալու մասին

ԱՄՆ-ում ԶԼՄ-ները շարունակում են քննարկել երկրի նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի «Գեղեցիկ երևույթներ» (Beautiful Things) վերնագրով հուշագրությունը, որը ընթերցողների դատին կհանձնվի այսօր՝ ապրիլի 6-ին։

Իր գրքում ԱՄՆ-ի 46-րդ նախագահի որդին խոսել է թմրանյութերից կախվածության մասին, խոստովանել է, որ եղբոր այրու հետ սիրային կապը ծնվել էր փոխադարձ վշտից, ինչպես նաև պատմել է Burisma գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունում աշխատելու և դրա շուրջ ծագած սկանդալի մասին։

Ինչպես հայտնում է New York Post-ը, իր հուշագրությունում Հանթեր Բայդենը նաև խոստովանել է՝ թմրանյութերից կախվածության ամենածանր շրջանում «չի հիշում» մերկապարուհու հետ հանդիպումը, որն ամիսներ անց երեխա է լույս աշխարհ է բերել։

«Այդ իսկ պատճառով ես դատարանում վիճարկում էի կնոջ խոսքերը, որը 2018 թվականին երեխա էր ունեցել և պնդում էր, որ երեխան իմն է։ Ես ոչինչ չեմ հիշում մեր հանդիպման մասին։ Իմ կյանքում խառնաշփոթ էր, բայց այդ խառնաշփոթի համար ես պատասխանատվություն ստանձնեցի»,- գրել է նա գրքում։

Նշվում է, որ մերկապարուհի Լունդեն Ալեքսիս Ռոբերթսն աշխատել է Վաշինգտոնի ակումբներից մեկում, որտեղ և ծանոթացել է Հանթերի Բայդենի հետ։ Անցյալ տարվա մարտին երեխայի համար ալիմենտ վճարելու հարցում նրանք համաձայնության են եկել։