Հնդիկ դերասան Ակշայ Կումարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ ասիական երկրում տարածվող «Քովիդ-19»-ի երկրորդ ալիքը խոցել է ֆիլմարտադրության ոլորտին:
Բացի այդ, հեռուստաալիքը նշում է, որ բոլիվուդյան դերասններից շատերն են վերջին շաբաթների ընթացքում հիվանդացել կորոնավիրուսով: Նրանց թվում են «Օսկարի» առաջադրված ռեժիսոր և պրոդյուսեր Աամիր Խանը, դերասան Ռանբիր Կապուրը, որը հանրահայտ Ռաջ Կապուրի թոռն է:
Կումարը Բոլիվուդի ամենաշահութաբեր դերասաններից է, որը գլխավոր կերպարներով հանդես է եկել տասնյակ հայտնի ֆիլմերում:
Դերասանն ինքն է թվիթերյան գրառմամբ հայտնել, որ հոսպիտալացվել է՝ ելնելով նախազգուշական նկատառումներից և հետևելով բժշկի խորհրդին: Մեկ օր առաջ նա տեղեկացրել էր, որ իր թեստի պատասխանը դրական է եղել, և ինքը գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Հնդկաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12.7 մլն-ը, մահացածներինը՝ 165 հազարը: