Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի և նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի 1953 թվականին Նոր Զելանդիա կատարած այցից արխիվային լուսանկարներ են հրապարակվել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։Լուսանկարներն արվել են Նոր Զելանդիայում միապետի ներկայացուցիչ սըր Ուիլուբայ Նորիի կնոջ՝ Պատրիսիա Նորիի կողմից՝ 1953 թվականի Սուրբ Ծնունդին Նոր Զելանդիա կատարած այցի ժամանակ։
Հրապարակված լուսանկարները և տեսանյութերը եզակի են. դրանցից մեկում Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը քաշում է լողավազանի համար փչովի ներքնակը, որի վրա պառկած է միապետի ներկայացուցչի 10-ամյա դուստրը։
Սակայն թագուհին, ով միշտ ուշադիր է իր հասարակական կերպարին, չի միացել լողավազանային զվարճանքերին։
Թագավորական զույգը Սուրբ Ծնունդն անցկացրել է Նոր Զելանդիայում միապետի ներկայացուցիչ Ուիլուբայ Նորիի ընտանիքի հետ։
Վերոնշյալ լուսանկարներն ու տեսանյութերը և բազմաթիվ այլ կադրեր հեռուստաէկրաններին կհայտնվեն թագուհու 95-ամյակին նվիրված The Queen Unseen ծրագրի շրջանակներում։