Արցախցի երաժիշտը նախաձեռնել է բացառիկ հեռահար միջազգային փառատոն

Հեռահար եղանակով ապրիլի 10-ից 16-ից տեղի կունենա պատանի երաժիշտների «Կանչ» առաջին միջազգային փառատոնը։ Այն նախաձեռնել է Արցախից երիտասարդ դաշնակահար Դավիթ Բախշիյանը՝ նպատակ ունենալով համավարակի այս պամաններում ոչ միայն համախմբել տարբեր երկրների երաժշտասերներին, այլ նաև ներկայացնել աշխարհին հայկական մշակույթը և այսօրվա հայկական ողբերգական իրականությունը։

«Կանչ»-ը հանդիսանում է մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին ելույթ ունենալ և ինքնադրսևորվել։ Առաջին փառատոնը անցկացվելու է միայն դաշնամուր անվանակարգով, բայց հետագայում նախատեսվում է նաև ներառել այլ անվանակարգեր։ Փառատոնի ձեւաչափը շատ ճկուն է, այն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին իրենց նվագացանկի մեջ ներառել ինչպես ակադեմիական, այնպես էլ ազգային երաժշտություն- ասաց Բախշիյանը ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Փառատոնի գաղափարը ծագեց անցած տարվա օգոստոսին, երբ ամբողջ աշխարհում պանդեմիայի պատճառով խաթարվել են շատ ոլորտներ, մանավանդ՝ մշակութայինը։ «Եվ իմ մոտ միտք առաջացավ կազմակերպել բացառիկ մի միջոցառում հեռավար ձևաչափով։ Սկսեցի կազմակերպչական աշխատանքներ տանել, բայց սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ ես գտնվում էի Արցախում, ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ էի։ Բնականաբար աշխատանքները ընդհատվեցին։

Պատերազմից հետո բոլորի պես շոկային վիճակում էի։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ պետք է թևաթափ չլինել և ամեն ձև աշխատել մշակութային կյանքը նորից վերակենդանացնել։ Կարծում եմ, որ մեր զարթոնքը ազգի համար յուրատիպ ռեգեներացիա կարող է դառնալ։ Հայտնի է, որ երաժշտությունը ունի բուժիչ հատկություն, դրա միջոցով նաև արթ-թերապիաներ են անում, և միգուցե ինչ-որ դրական արդյունք կունենանք մարդկանց սթրեսից հանելու գործում», հայտնեց նա։ Բախշիյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում ներկայացվելու է հայկական մշակույթը, ազգային երաժշտությունը։

«Այդ ճանապարգով ակնկալում եմ մեր մշակույթի հերթական միջազգայնացում և նոր դրական լիցքեր։ Հուսով եմ, որ Հայաստանում և Արցախում կհետևեն փառատոնային իրադարձություններին մի փոքր կլիցքաթափվեն, դրական էմոցիաներ կստանան», – հավելեց նա։

 

Ժյուրիի անձնակազմը բաղկացած է 4 հոգուց։ Նրանք են. դաշնակահարներ Դեսիսլավա Բոբրինան` Ռուսաստանից, Զոֆիա Դընաքը` Լեհաստանից, Լուկա Ֆերրինին` Իտալիայից «Շատ ուրախ եմ իմ ներդրումն ունենալ դասական երաժշտության հանրայնացման գործում, հատկապես մատաղ սերնդի շրջանում: Իհարկե, մասնակիցների ընտրությունն ունի իր դժվարությունները: Նրանցից յուրաքանչյուրը լրջորեն պատրաստվել է: Կարևոր է, որ երիտասարդ երաժիշտների այս խանդավառությունն ամրապնդի նրանց հավատը իրենց ուժերի հանդեպ », – ասաց Զֆիա Դենակը` հայտնելով, որ փառատոնին ելույթ են ունենալու 16 պատանի երաժիշտներ 7 երկրներից:

Հեռավար ձևաչափով միջազգային այս միջոցառմանը կմասնակցեն 11 անվանի երաժիշտներ 6 երկրներից։ Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումները, առաջին “Կանչ” փառատոնին հյուրընկալվելու ցանկություն հայտնել են երաժշտներ և համույթներ Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից, Շվեդիայից։ Փառատոնին կներկայանան նաև հայաստանցի և արցախցի կատարողներ։

«Փառատոնը հնարավորություն կընձեռի դասական երաժշտության օրինակով ծանոթանալու ժամանակակից երաժշտության նոր միտումներին, ցույց տալու քո զարգացման տեսլականը», – ասաց իրանցի կոմպոզիտոր Արսիա Սամսամինիան: Փառատոնին նա կներկայացնի վարպետության դաս ժամանակակից կատարման վերաբերյալ