Հայկ Կասպարովը՝ նոր տեսահոլովակի, Գոռ Հովհաննիսյանի հետ համագործակցության և ապագա ծրագրերի մասին

Օրեր առաջ կայացավ գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովի ՝ «Պոպուրի 2» երգերի հավաքածուի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։

«Այս երգի տեսահոլովակը պետք է նկարահանվեր ավելի շուտ ՝ սեպտեմբերին։ Բայց մեզ հայտնի պատճառներով այն հետաձգվեց», – Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Հայկն ու հավելում, -«Քանի որ առաջին «Պոպուրի»-ն, կարելի է ասել, հաջողություն ունեցավ, որոշեցի երկրորդը նույնպես ստեղծել: Այս անգամ ներկայացրել ենք Անդիի և Արամ Ասատրյանի երգերը ավելի պարսկական գործիքավորմամբ, և հուսամ, որ այն դուր կգա հանդիսատեսին»։

Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել է նաև երգիծաբան Գոռ Հովհաննիսյանը, մարմնավորելով բոլորի կողմից արդեն սիրված Ջեմմայի կերպարը, որն էլ դարձել է տեսահոլովակի գլխավոր առանձնահատկությունը։

«Երբ երգն արդեն պատրաստ էր, և տեսահոլովակի գաղափարն արդեն ունեի, միանգամից հասկացա, որ պետք է համագործակցեմ Գոռի հետ, ով ծաղկեցրել է տեսահոլովակը։ Ամեն ինչ շատ հումորային է ստացվել։

Նկարահանման ժամանակ շատ զավեշտալի դեպքեր են եղել, քանի որ համով երեխաներ էին հավաքվել, իսկ նվագախմբի տղաները մեկը մյուսից լավն էին ու հումորով, ռադիոհաղորդավարուհի Անկան նկարահանման ժամանակ կարելի է ասել հրաշքներ էր գործում, Գոռը այնքան էր ծիծաղեցնում, որ չէր թողնում նորմալ նկարահանումներն իրականացնենք։ Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկ Եգիբյանին և Անուշ Ավագյանին, ովքեր ինձ շատ օգնեցին տեսահոլովակը նկարահանելու ժամանակ»,- պատմում է Հայկը։

Հայկն այս ընթացքում ևս մի քանի տեսահոլովակ է ներկայացրել։ Տեսահոլովակ նկարահանելը բավականին թանկ հաճույք է, իսկ կարանտինի և խափանված համերգների ու կորպորատիվների պատճառով հայ երգիչների ֆինանսական վիճակն այդքան էլ լավ վիճակում չէ։ Սակայն Հայկը կիսվում է, որ Գերմանիայում ունի նաև երկրորդ աշխատանք, ինչի շնորհիվ էլ նա կարողացավ պատվով դուրս գալ այս դժվար փորձություններից։

«Երգիչների համար բարդ տարի էր 2020-ը, ես աշխատում էի, եթե չաշխատեի, ապա դժվար կորոնավիրուսային այդ ժամանակաշրջանում կարողանայի երգեր ստեղծել կամ աջակցել ընտանիքիս։ Այդ ամենն իմ այստեղ աշխատելուս շնորհիվ էր»,-պարզաբանում է Հայկը։

Երգը բավականին ռիթմիկ է և ուրախ։ Այս ընթացքում շատերը խուսափում են նման ստեղծագործություններ ներկայացնել՝ կարծելով, որ դժվար 2020-ը հաղթահարած լսարանը պատրաստ չէ դեռ նման տրամադրության։ Թե ինչ պետք է ներկայացնեն այս ընթացքում երգիչները, Հայկ Կասպարովը պատասխանում է․«Շատ դժվար է ասել, թե ինչ պետք է ներկայացնի երգիչն այս դժվար շրջանից հետո։ Ուղղակի պետք է լինել անկեղծ․ չէի ցանկանա, որ տխուր և ցավոտ երգեր ներկայացնենք, ու ցավի վրա աղ լցնենք։ Պետք է պոզիտիվ լինել, առաջ նայել ու փորձել տեղում չդոփել, որովհետև մենք ամեն ինչում շատ-շատ հետ ենք գնացել։

2020-ը ամենավատ տարիներից էր թե՛ իմ, թե՛ ամբողջ հայ ազգի համար։ Ցանկանում եմ ապագային նայել, փորձել դրական լինել, ճիշտ է՝ տխրության ու ցավի սպին միշտ մնալու է մեր սրտերում ու կապ չունի, թե քանի տարի կամ քանի դար կանցնի»,- նշում է արտիստը։

Այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի Հայկն ապագայում, երգիչը պատասխանում է ․ «Հայաստան էի եկել 2 շաբաթով ու ձայնագրել եմ 7 երգ, որոնք ըստ հերթականության կներկայացնեմ, դրանցից մի քանիսը կունենան տեսահոլովակներ», – ասում է նա ու հավելում, որ այս տարի ևս մեկ անգամ կգա Հայաստան, բայց թե երբ, դժվարանում է պատասխանել։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան