Ո՞րն է եղել արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունը

Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ցանկացել է «հանգիստ մահանալ իր անկողնում»։ Այս մասին New York Post-ին հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
«Ֆիլիպն իր շուրջ իրարանցում չէր ուզում։ Նա մինչև վերջ ուզում էր ամեն ինչ իր ոճով անել», – ասել է աղբյուրը։
Բացի այդ արքայազնը ցանկացել է, որ պետական հուղարկավորություն չանցկացվի՝ հակառակ նրան, որ նա, որպես թագուհու ամուսին, ունեցել է դրա իրավունքը։ Նա ցանկացել է, որ ռազմական հուղարկավորություն կազմակերպվի՝ Ուինձորի պալատի Սուրբ Ջորջ մատուռում արարողությունից հետո, հայտնում է բրիտանական Mirror պարբերականը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։

Արքայազնը մահացել է 99 տարեկանում։
Արքայազն Ֆիլիպը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է:
Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, որը սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ Այսպիսով, Ֆիլիպ Մաունթբաթենը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։
Հիշեցնենք, որ փետրվարին արքայազնը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց, ապա սրտի վիրահատություն էր տարել Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։