15-օրյա սննդակարգ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

Ավելորդ քաշի  դեմ պայքարողների համար հաճախ առաջնայինը լինում է նեղ գոտկատեղ ու հարթ որովայն ձեռք բերելը, սակայն որովայնի հատվածի ճարպաշերտերից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, ինչի պատճառով շատերը հուսալքվում են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 օրվա համար նախատեսված մի սննդակարգ, որը կօգնի ձեռք բերել ցանկալի գրավիչ կազմվածքը՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:

Սակայն որպեսզի այս դիետան արդյունավետ լինի և օգնի ազատվել ավելորդ քաշից, հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոն:

1.      Օգտագործել առողջարար ճարպեր

Ոչ բոլոր ճարպերն են վտանգավոր օրգանիզմի համար: Ավելին՝ կան նաև այնպիսինները, որոնք հարկավոր են օրգանիզմին ճարպերի այրման համար պատասխանատու տարբեր համակարգերի աշխատանքի ու նյութափոխանակության գործընթացների ակտիվացման համար: Նման օգտակար ճարպերով օրգանիզմը հագեցնելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել.

·         կոկոսյան ընկույզի յուղ ու ձիթապտղի յուղ (սառը մզվածքի),
·         ավոկադո,
·         ընկույզներ ու սերմեր (առանց աղի և հում վիճակում),
·         հալած կարագ,
·         ձվի դեղնուց,
·         յուղոտ ձկնատեսակներ:

2.      Բարձրորակ սպիտակուցներ

Սպիակուցները նույնպես նպաստում են որովայնի ճարպաշերտերից ազատվելուն, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ոչ բոլոր սպիտակուցներն են օգտակար: Օրինակ՝ խորհուրդ չի տրվում չարաշահել կենդանական ծագման սպիտակուցները, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել լյարդի ու երիկամների աշխատանքի վրա: Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը բակլազգիներով, ընկույզներով, սերմերով, սնկերով, ջրիմուռներով ու ավոկադոյով:

3.      Խուսափել ռաֆինացված ածխաջրերից

Հացաբուլկեղենը, թխուկները, մակարոնեղենն ու ռաֆինացված ածխաջրերով հարուստ այլ սննդամթերքը չեն պարունակում մանրաթելեր և նպաստում են քաշի ավելացմանը, ինչպես նաև փորափքանքի ու փորկապության առաջացմանը: Սա է պատճառը, որ հարկավոր է նվազեցնել նման մթերքի գործածությունն ու նախապատվությունը տալ ամբողջահատիկ հացին ու հացահատիկներին:

4.      Բացառել շաքարն ու ալկոհոլը

Շաքարը, ալկոհոլը, ինչպես նաև քաղցր գազավորված ըմպելիքները խիստ վնասակար են կազմվածքի ու առողջության համար: Նման մթերքը սննդակարգից բացառելու դեպքում դրական արդյունքն անմիջապես կնկատվի:

5.      Ավելի շատ բանջարեղեն օգտագործել

Օրգանիզմը մաքրող ցանկացած սննդակարգ ենթադրում է բանջարեղենի գործածություն, որոնք կարելի է ուտել ինչպես հում վիճակում, այնպես էլ ջերմային մշակման ենթարկելուց հետո (խաշած, շոգեխաշած կամ խորոված):

Բացի այդ, շատ կարևոր է նաև մրգերի գործածությունը, սակայն այս դեպքում հարկավոր է չչարաշահել, քանի որ դրանք հարուստ են բնական շաքարով (ֆրուկտոզա):

6.      Կարգավորել հորմոնալ ֆոնը

Երբեմն որովայնի հատվածի ճարպաշերտերի կուտակման պատճառ են դառնում հորմոնները, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և հորմոնալ խանգարումների դեպքում սննդակարգում ներառել բնական սննդային հավելումներ, որոնք կօգնեն կարգավորել հորմոնալ ֆոնը:

Արդյունավետ սննդակարգ 15 օրում որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար

Նախաճաշ

Նախաճաշը շատ կարևոր է, ուստի այն պետք է լինի ոչ միայն համեղ, այլև շատ առողջարար: Այս դիետայի ընթացքում նախաճաշին կարել է օգտագործել.

· թարմ բանջարեղենով, մրգերով ու մի փոքր ձիթայուղով (extra virgin) կանաչ սմուզի,
· վարսակի շիլա դարչինով ու ընկույզներով և բուսական ծագման որևէ ըմպելիք,
· ամբողջահատիկ հաց (տոստեր) հալած կարագով ու հատապտղային մուրաբայով (առանց շաքարի),
· ձվածեղ և ավոկադոյով ու ամբողջահատիկ հացով սենդվիչ:

Ճաշ

15-օրյա դիետայի ընթացքում ճաշը պետք է բաղկացած լինի երեք ուտեստից.

· սերմերով ու ծիլերով աղցանից,
· ածխաջրերից (ամբողջահատիկ հաց, ցորենի կոշտ տեսակներից պատրաստված մակարոնեղեն, կարտոֆիլ և այլն),
· սպիտակուցներից (միս, ձուկ, հավկիթ, բակլազգիներ):

Ընթրիք

Ընթրիքը պետք է ավելի «թեթև» լինի, քան ճաշը, քանի որ երեկոյան ուշ ժամին չափազանց շատ ուտելու դեպքում քաշը միայն կավելանա: Այս ընթացքում ընթրիքին խորհուրդ է տրվում օգտագործել.

· բանջարեղեն (խաշած, շոգեխաշած, կրեմ-ապուրների տեսքով),
· հեշտ յուրացվող սպիտակուցներ (սպիտակ ձուկ, թռչնամիս, հավկիթ, ավոկադո),
· մրգեր (խնձոր, տանձ, արքայախնձոր կամ պապայա):