Արքայազն Հարրին միայնակ կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ներկա կգտնվի իր պապի՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, իսկ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, նրա հետ չի մեկնի Մեծ Բրիտանիա, հաղորդում CNN-ը։

ET-ն, իր հերթին, հայտնում է, որ Մարքլը, որը այժմ սպասում է իր երկրորդ երեխայի ծնունդին, «ամեն ջանք գործադրել է ամուսնու հետ Մեծ Բրիտանիա գնալու համար», սակայն չի ստացել իր բժշկի թույլտվությունը։

«Գտնելով ազատություն։ Հարին և Մեգանը․ ժամանակակից թագավորական ընտանիքը» գրքի համահեղինակ Օմիդ Սկոբին հայտնել է, որ չնայած թագավորական ընտանիքի անդամների հետ տարաձայնություններին՝ արքայազն Հարրին չի վարանել Մեծ Բրիտանիա գնալու և պապի հուղարկավորությանը մասնակցելու հարցում։

Նրա խոսքով՝ արքայազնը չափազանց մտերիմ էր իր պապի հետ և նրա մահը «մեծ հարված է նրա համար»։

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։

Արքայազնը մահացել է 99 տարեկանում։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է: