Հայտնի են «BAFTA» կինոմրցանակի առաջին հաղթողների անունները

Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Վուլֆի «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմը Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կինոմրցանակաբաշխության դափնեկիրների անունների հայտարարաման առաջին օրը երկու մրցանակի է արժանացել։ Կենսագրական ժապավենը, որը պատմում է ամերիկացի երգչուհի Մա Ռեյնիի (1886-1939) ճակատագրի մասին, մրցանակ է ստացել կոստյումների լավագույն դիզայնի, ինչպես նաև լավագույն գրիմի ու սանրվածքների համար։

Դևիդ Ֆինչերի «Մանկ» սև-սպիտակ ժապավենը մրցանակ է ստացել գեղարվեստական դիզայնի համար, Սառա Գավրոնի բրիտանական «Ռոքս» ֆիլմը՝ լավագույն քասթինգի համար։ Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն ձայնի, իսկ Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆանտաստիկ մարտաֆիլմը հաղթող է դարձել հատուկ վիզուալ էֆեկտների համար։

Հայտարարվել են նաև լավագույն բրիտանական կարճամետրաժ ֆիլմը («Նվեր») և լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Բուն և կատուն»։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը երկու օր է անցկացվում առցանց ձեւաչափով։ Վերջին պահին մասնակցությունից հրաժարվել է ակադեմիայի նախագահ արքայազն Ուիլյամը։ Պատճառը նրա պապիկի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահն է։ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին 99 տարեկանում։