Գյումրիում իր դռները բացեց «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը

Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեում իր դռները բացեց «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում: Տարածքն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։
Ցուցադրությունը բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։

Թանգարանի տարածքում գործելու է գրախանութ, իսկ այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին։  Ցուցադրությունը մշտական է, բաց է լինելու շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան 10-00-ից մինչև 18:00-ն:

Ձեռք բերված շենքերը 1870-ական, 1880-ական և 1890-ական թթ. շինություններ են, որոնք գտնվում էին վթարային վիճակում: «Սա առաջին մեկնարկն  էր: Այս տարի ևս 2 նախատեսվում է, իսկ մինչև 2025 կլինեն նորերը: Հինգ տարիների ընթացքում այս շենքերի և ապագայում նոր ձեռքբերումների արդյունքում Գյումրի քաղաքի տարածքում կհիմնվեն նոր կառույցներ, ինչը կնպաստի ոչ միայն տուրիզմի զարգացմանը, այլ նաև այդ պատմական շենքերը «կազատեն» քայքայումից»,-հավելեց Հայկ Դեմոյանը: