«Ես չէի ցանկանում նշել ծննդյանս օրը»․ Դիանա Գրիգորյանը՝ գլխավոր երազանքի և ցավոտ 2020-ի մասին

 Հեռուտսահաղորդավարուհի, պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ տոնել է իր ծննդյան օրը: Կեսգիշերին պրոդյուսերին անակնկալ են մատուցել դերասանուհու հարազատներն ու ստեղծագործական անձնակազմի անդամները։
Shobiz.am կայքի հետ զրույցում Դիանան խոստովանում է, որ այս տարի, իրականում, չէր ցանկանում նշել իր ծննդյան օրը․ նա կիսվում է ցավոտ տարվանից հետո մնացած իր ապրումներով՝ չկորցնելով հույսը, որ ամեն բան դեռ լավ է լինելու։

Ծննդյան օրվա, մոր ու դստեր անակնկալի մասին։

Ծննդյանս օրը մայրս դստերս հետ ամեն բան ծրագրեցին, որ գոնե իմ դեմքին էլ մի փոքր ժպիտ գար։
Ես չէի ցանկանում նշել ծննդյանս օրը, որովհետև այսօր յուրաքանչյուր հայի մեջ այնքան մեծ ցասում և այնքան մեծ տխրություն կա, որը չես կարող թաքցնել։

Երբ մի պահ մենակ ես մնում, շուրջդ լռություն է տիրում, հասկանում ես, որ ուղղակի էլ չես ցանկանում գոյություն ունենալ։ Հետո նորից հավաքվում ես, հասկանում ես՝ կյանքը շարունակվում է, և դու պետք է արժանապատիվ ապրես ու ձիգ լինես։ Ես առհասարակ չէի ցանկանում ծնունդ նշել, բայց ինձ շրջապատող մարդիկ, ծնողս ասացին, որ լավ կլինի գոնե հավաքվել, որովհետև առիթ էր միասին լինելու և ուղղակի զրուցելու։ Մենք ընտրեցինք ոչ թե այնպիսի տեղ, որտեղ կլիներ կենդանի երաժշտություն, այլ հանգիստ մի վայրում հավաքվեցինք, որովհետև վաղուց հնարավորություն չէինք ունեցել միմյանց տեսնելու։


Ամենակարևոր երազանքը

Իմ գլխավոր երազանքը մեր երկիրը ծաղկած տեսնելն է։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է պարտավորված լինի ապրել արժանապատվորեն։ Ես չեմ կարղանում խոսել այս մասին առանց հուզվելու․․․Մեր հերոսները չկան, իսկ մենք ապրում ենք։ Մենք պետք է այնպես ապրենք, որ ապացուցենք աշխարհին՝ իրենք կույր են եղել ու անարդար։ Մենք հաղթող ենք այնքանով, որքանով մեր ոգին է հաղթող։ Մենք պետք է կարողանանք այնքան վառ պահել իրենց հիշատակը, որ մեր ձայնը հասցնենք ամբողջ աշխարհին ու ապացուցենք մեր հաղթանակը, արդարությունը, ճշմարիտ լինելը։

Հասկանում եմ նրանց, ովքեր հիասթափված թողնում-գնում են։ Բայց գնալով հարց չի լուծվում, որովհետև մեր թշնամու գերնպատակը պառակտումն է։ Եթե մենք գնանք, ապա ո՞վ պետք  է շենացնի մեր երկիրը, ինչ-որ գործով աղմուկ հանի, բղավի, խոսի մեր մասին, մեր պատմությունը հասցնի։
Միշտ ամեն ինչ արել են ծրագրավորված, որպեսզի մեզ ցավ պատճառեն ու աշխարհը մեր մասին մոռանա։ Բայց մենք, միևնույն է, փորձել ենք ծաղկեցնել ու ապրել ենք, որովհետև ունեցել ենք հերոսներ ու կարողացել ենք ոտքի կանգնել։ Մենք պետք է ուժեղ լինենք ու ծաղկեցնենք մեր երկիրը՝ ոչ թե նախանձով, ոչ թե չարությամբ կամ մեղադրանքներով, որովհետև բոլորս էլ սխալական ենք։ Պետք է մեր սխալների վրա կառուցենք ճիշտը։

2020-ի գլխավոր դասը

Կյանքի, պահի արժևորում։ Ոչ ոքին պետք չէ նեղացնել, նույնիսկ, եթե վերջինս սխալ է։ Պետք  է փորձել միայն բարին անել, ժպտալ բոլորին, ոչինչ չթողնել հետոյի համար, որովհետև այս կյանքը մի պահ է, պետք է օգտագործենք այն։
Կյանքը շքեղության մեջ չէ, զարմանում եմ նրանց վրա, ովքեր միայն դրա մասին են մտածում․ երջանկությունը ճիշտ աշխատանքի, ծնողի հարգանքի, երեխայի դաստիարակության, մարդկանց հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերելու մեջ է։ Պետք չէ անդադար փորձել արդարանալ, ինչ-որ մեկին մեղադրել։Այդ ամենի վրա պետք չէ ժամանակ ծախսել, որովհետև ժամանակը շատ թանկ է։ Պետք է կարդալ, կրթվել, դուրս գալ սոցհարթակների ճահճից, նետել ինովացիոն դարաշրջանի բոլոր գործիքները,  որոնք լափում են ժամանակդ ու թույլ չեն տալիս, որ դու սնվես՝ ճիշտ ներակայացում, որակով ֆիլմեր դիտելով, լավ երաժշտություն լսելով։

Ապագա ծրագրերը

«Իմացիր ավելի» հաղորդաշարս պետք է վերսկսեմ ու այն ներկայացնեմ մի փոքր ուրիշ՝ վավերագրական ֆորմատում։ Ինձ համար շատ կարևոր է այդ հաղորդաշարը, հենց այսօր դրա մասին խոսել ենք ու արդեն պետք է նկարահանումները սկսենք։

Շատ հետաքրքիր սյուժեով, շատ հետաքրքիր համեմունքներով նոր նախագիծ է սպասվում, որի մասին այս պահին շատ չեմ խոսի, որովհետև բարդ խնդիրներ կան իմ առջև դրա հետ կապված։ Եթե Աստված կամենա, նաև ցանկանում ենք գեղարվեստական գրականության դասական գործերից մեկն էկրանավորել։ Եթե ստացվի, ես ուղղակի երջանիկ կլինեմ, որովհետև կսնվեմ այն ափսեից, որից միշտ ցանկացել եմ սնվել։

Հեռուստադիտողն էլ է փոխվել։ Նրան ծանր բան այս պահին պետք չէ տալ, որովհետև այսօր մեր կյանքում դրաման շատ է, մեզ մի քիչ թեթև ծիծաղ է պետք՝ մի քիչ լիցքաթափվելու համար։ Ամեն ինչ փորքիկ չափաբաժնով  պետք է տալ, որպեսզի ամեն ինչ հարմոնիկ լինի և հեռուստադիտողն արդեն ինքը կընտրի։ Մեզ թեթևություն է պետք, որ կարողանանք շունչ քաշել, մեջքն ուղղել ու առաջ գնալ։ Այսօր ընտրությունն այնքան մեծ է, որ յուրաքնաչյուրն ինքը կարղ է ընտրել և գրագետ հեռուստադիտողը միշտ կատարում է ճիշտ ընտրություն։

Լավագույն նվերը

Ամենամեծ նվերը խաղաղությունն է բոլորիս համար, որ պարզապես աչքերդ բացես ու հասկանաս, որ 2020 թվականին տեղի ունեցածը երազ է կամ էլ այդ տարին չի եղել։ Բայց գիտեմ, որ դա հնարավոր չէ, այսուհետ միայն ուզում եմ, որ մեր երեխաներն ապրեն ծաղկած երկրում։ Բայց մենք էլ դրա համար մեր բաժինը պետք է ունենանք, և նրանց մեջ սերմանենք աշխատասիրությունը, կամքը, տոկունությունը և երբևէ չկոտրվելու մեծագուն ունակությունը, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ծաղկեցնել այս երկիրը։
Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են, ովքեր իմ օրը տոնի են վերածում, ովքեր հավատարիմ ու անդավաճան են ինձ։ Ես հարուստ եմ այդ մարդկանցով և նրանց շատ շնորհակալ եմ։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան