Միրանդա Քեր, Սալմա Հայեք և Նիկի Հիլթոն․ աստղեր, որոնց սիրելիները միլիարդատերեր են (լուսանկարներ)

Օրերս Forbes հանդեսը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցանկը: Չնայած համավարակին, 2020-ը հաջողակ տարի է եղել աշխարհի ամենահարուստ մարդկանց համար, որոնց ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 5 տրիլիոն դոլարով։

Այդ կապակցությամբ South China Morning Post թերթը ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնց սիրելիները միլիարդատերեր են։

Նիկի Հիլթոն Ռոթշիլդ

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի Փերիս Հիլթոնի քույրը և Hilton hotel group-ի հիմնադիր Կոնրադ Հիլթոնի թոռնուհին՝ Նիկի Հիլթոն Ռոթշիլդը, 2015 թվականին ամուսնացել է միլիարդատեր Ջեյմս Ռոթշիլդի հետ, որը բանկային բիզնեսի ոլորտում հայտնի Ռոթշիլդների ընտանիքի ժառանգն է։

2021 թվականին Ջեյմսը Ռոթշիլդի կարողությունը գնահատվել է մոտ 1,3 մլրդ դոլար։

Միրանդա Քեր

Որպես Victoria’s Secret-ի նախկին մոդել և հաջողակ կին գործարար՝ Միրանդա Քերը հաճախ է հայտնվել Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկում։

Քերի կարողությունն էլ ավելի է մեծացել 2017-ին Snapchat-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Էվան Շպիգելի հետ ամուսնությունից հետո:

2015 թվականին Շպիգելը ճանաչվել է մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատերը, իսկ 2021 թվականին նրա կարողությունը գնահատվում է 11,2 մլրդ դոլար:

Սալմա Հայեք

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը 2009-ին ամուսնացել է ֆրանսիացի գործարար Ֆրանսուա Անրի Պինոյի հետ։

Պինոն Kering շքեղ ապրանքանիշների ընկերության գլխավոր տնօրենն է։ 2021 թվականի դրությամբ նրա կապիտալը կազմում է 43 մլրդ դոլար։

Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին, անդրադառնալով այն ասեկոսեներն, թե Պինոյի հետ ամուսնացել է միայն նրա փողերի համար, ասել է․ «Գիտեք, բանն այն է, որ նկարներից հնարավոր չէ հասկանալ նրա հմայքը։ Նա ինձ օգնել է ավելի լավը դառնալ։ Երբ նոր էի ամուսնացել շատերն էին ասում, որ փողի համար եմ ամուսնացել։ Մտածեք` ինչ ուզում եք, մենք 15 տարի է՝ միասին ենք և խենթի պես սիրում ենք իրար»։

Ամանդա Քոեթզեր

Նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհին ամուսնացած է ծագումով իսրայելցի միլիարդատեր, կինոպրոդյուսեր Առնոն Միլչանի հետ, որի ամենահայտնի ֆիլմերից են «Սիրունիկը» (Pretty Woman), «Միստր և միսիս Սմիթ» (Mr & Mrs Smith), «Վերապրածը» (The Revenant) և «12 տարվա ստրկություն» (12 Years a Slave) և այլ ֆիլմերը։

Նրա կարողությունը գնահատվում է մոտ 3,4 մլրդ դոլար։

Գրայմս

Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն արդեն քանի տարի է` հանդիպում է ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի հետ, որի կարողությունը գնահատվում է 162,4 մլրդ դոլար։

Նշենք, որ զույգն ունի նաև որդի՝ X Æ A-12-ը։