Ամենաարդյունավետ բնական միջոցները բշտիկներից ազատվելու համար․ 6 բնական միջոց

Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»: Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։

Մաշկային նմանատիպ խնդիրներից միայն խնամքի միջոցների օգնությամբ ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով մաշկի վիճակը, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Այս բնական միջոցները բաղկացած են միայն բնական բաղադրիչներից, ուստի ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից:

  • 1  ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել և ստացված թուրմն օգտագործել ախտահարված մաշկին թրջոցներ դնելու համար:
  • Միջին չափի վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին՝ թողնելով 15 րոպե:
  • 1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել կրակին ու եռացնել 3-5 րոպե, այնուհետև թրմել ևս կես ժամ։ Ստացված թուրմը քամել, ավելացնել կես թեյի գդալ բնական մեղր ու խառնել մինչև մեղրը լուծվի։ Այս լուծույթը հարկավոր է օգտագործել մաշկը մաքրելու և ախտահարված հատվածներին թրջոցներ դնելու համար:
  • 3 ճաշի գդալ քերիչով մանրացրած թարմ վարունգին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 3-4 ժամ, այնուհետև քամել, ավելացնել կես թեյի գդալ բնական մեղր ու խառնել մինչև մեղրը լուծվի։ Այս լուծույթը հարկավոր է օգտագործել մաշկը կանոնավոր մաքրելու համար:
  • Անանուխի մի քանի ճյուղերն ու 2 ճաշի գդալ վարսակի փաթիլները կոտորակիչով լավ մանրացնել, այնուհետև ավելացնել 50 մլ գոլ ջուր և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով։
  • Մի բուռ բռնչիի հատապտուղները տրոտել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ թթվասեր (չոր մաշկի դեպքում) կամ կեֆիր (յուղոտ մաշկի դեպքում) և լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: