Դերասանուհի Լիանա Վանոյանը կհայտնվի ռուսական «Непосредственно Каха» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում։ Իրենց համագործակցության, Սոչի մեկնելու և նկարահանումների մասին առաջին մանրամասները դերասանուհին վստահել է ShowBiz.am-ին։
«Ամսի 16-ին մեկնում եմ Սոչի` նկարահանվելու ռուսական «Непосредственно Каха» սերիալի նոր եթերաշրջանում։ Առաջարկը ստացել եմ իրենց կողմից, քանի որ երկրում պատերազմական դրություն էր, սկզբում չէր ստացվում մեր համագործակցությունը, ինչի պատճառով էլ այն մի քանի ամիս հետաձգվեց։ Բայց հետո ես անցա վիդեոքասթինգ, ինձ ընտրեցին, հրավիրեցին, և ես արդեն ամսի 16-ին մեկնելու եմ և մեկ ամիս նկարահանվելու եմ իրենց նախագծում»,- մանրամասնում է Լիանա Վանոյանը։
Դերասանուհին մարմնավորելու է գլխավոր հերոսներից մեկին․ «Պատմությունը ծավալվելու է հենց իր մեկնելու շուրջ։ Այս պահին, ցավոք սրտի շատ բան չեմ կարող ասել։ Միայն կնշեմ, որ մարմնավորելու եմ գլխավոր հերոսի քրոջ կերպարը և ամբողջ եթերաշրջանում իմ հորսուհին շատ մեծ դեր է խաղալու»։
Լիանան վստահեցրեց, որ նախագիծը հետաքրքիր կլինի և ոչ մի րոպե թույլ չի տա հեռուստադիտողին ձանձրանալ, նա նաև խոստովանեց, որ այն իր համար շատ մեծ փորձ է լինելու․ «Ռուսական մեծ շուկա է, որում ներգրավված են հայտնի բլոգերներ, և կարևորը, որ «Непосредственно Каха»-ն ունի շատ մեծ լսարան (4 մլնից ավելի)։ Նախագիծն էլ նկարահանում է շատ հայտնի ռեժիսոր Վիկտոր Շամիրովը։ Սերիալը Ռուսաստանում բավականին հայտնի է, և ինձ համար ուրախալի է այն փաստը, որ ես ևս կարող եմ գնալ, աշխատել իրենց հետ, որը, ինչ խոսք, կարիերայում նոր հնարավորություններ կստեղծի ինձ համար»։
Լիանան նշեց, որ այս պահին զուգահեռ այլ զբաղվածություն չունի՝ հավելելով, որ նախագիծը բավականին լուրջ է, և իրենք էլ շատ լուրջ են մոտենում ամեն հարցի․ «Մենք երկար տևած քննարկումներից հետո վերջապես կանցնենք նկարահանումների փուլին, որն ինձնից կխլի շատ էներգիա և ժամանակիս մեծ մասը»։
Դրա հետ մեկտեղ դերասանուհին նաև վստահ է, որ շուտով կլինեն նաև նոր առաջարկներ․ «Բայց այդ առաջարկներն արդեն կընդունեմ միայն մանրակրկիտ ուսամնասիրելուց հետո»։
Նկարահանումները, որոնցում ներգրավված կլինի նաև Լիանան, կտևեն մեկ ամիս․ «Դրանից հետո արդեն չեմ կարող ասել՝ ինչ կլինի, նախօրոք չեմ ցանկանում ինչ-որ բաներ գուշակել, կածում եմ՝ տեղում ամեն բան արդեն պարզ կլինի»։
Զրույցի ընթացքում նաև անդրադարձանք դերասանուհու կորոնավիրուսով վարակվելու փաստին, ինչպես նաև պատերազմին ու դրա թողած վառ հետքերին․ «Կորոնավիրուսն ինձ համար անցած էտապ է, իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա ես չեմ հաղթահարել այդ ընթացքը և կարծում եմ՝ մինչև կյանքիս վերջին օրն էլ չեմ հաղթահարի։ Ես կարող եմ մի բան ասել, որ պատերազմից հետո նոր էջից պիտի սովորեինք ապրել։ Բայց դա իրականում այդքան էլ հեշտ չի տրվում, կարծում եմ՝ յուրաքանչյուր ադեկվատ մարդ, ով ապրում է Հայաստանում, չի կարող այլևս նորմալ հոգեվիճակ ունենալ։ Եվ ժամանակի ընթացքում դա չի անցնում, չի վերականգնվում։ Ինչքան զոհերի թիվն ավելանում է, այնքան պակասում է մեր առողջ հոգեվիճակ ունենալու շանսերը։ Մենք այժմ ապրում ենք այլ կյանքով․․․ հարցի մեկ այլ կողմ է, թե մենք ինչպես ենք փորձում այդ իրավիճակից դուրս գալ»։
Եվ, ըստ դերասանուհու, մեզ փրկում է միայն աշխատելը՝ աշխատելը ի բարօրություն թե՛ սեփական կարիերայի, թե՛ հայի, և թե՛ Հայաստանի։ «Ես հիմա մասնակցելու եմ մի նախագծի, որում գրեթե բոլորը ռուսներ են, և այդ մի քանի հոգու վրա կրկին լավ տպավորություն թողնելը փոքրիկ հաղթանակ է ինձ համար»։
Նախորդ տարվա իրադարձությունները շարունակում են իրենց ազդեցությունը թողնել մինչ այսօր էլ, այդ ընթացքը մեզ շատ բան սովորեցրեց, դրանց մի մասը կշարունակի մեզ ուղեկցել մինչև կյանքի վերջ․ «Ես հիմա ավելի քան վստահ եմ, որ թշնամիներին պետք չէ ներել։ Ես հիմա դարձել եմ ավելի կապված մեր հողին, արմատներին, հայրենիքին։ Հայրենիք հասկացությունը մինչև պատերազմը, թերևս, վերացական հասկացողություն էր, հիմա շատ կուզեմ, որ մարդկանց մոտ փոխվի այն գաղափարը, որ հայրենիքը միայն այն քաղաքն է, որում նրանք ապրում են, հայրենիքը նաև Սյունիքի սահմանամերձ գյուղերն են, որոնք վտանգի մեջ են, հայրենիքը մեր խնամքի, օգնության և մշտական ուշադրության կարիքն ունի»։
Այս ամենի հետ մեկտեղ Լիանան փորձեց նաև լուծումներ և ճիշտ ուղիներ առաջարկել․ «Մենք պետք է մաքսիմալ պրոպագանդենք հայկականը։ Մենք պետք է դեմ դուրս գանք այն մարդկանց, ում համար թուրքական ապրանքը լավն է, թուրքական երաժշտությունը հաճելի է, ում համար թուրքական սերիալները լավ սերիալներ են, դա մեզ պետք չէ։ Մենք պետք է պրոպագանդենք մեր երկիրը, մեր մշակույթը, որը բոլորից հին ու թանկ է, մեր ֆիլմերը, որոնք իրոք կարող են լավը լինել։ Մենք յուրաքանչյուրս մի ամբողջական մեխանիզմի մասնիկ ենք, մենք պիտի հասկանանք, որ հայրենիքը հենց այնպես հայրենիք չի դառնում, պետք է ամեն վայրկյան շարունակենք աշխատել և կատարելագործվել, գուցե այդ դեպքում հասնենք մեր երազած արդյունքին»։
Նյութը՝ Լուս Ավագյանի