Reuters-ը վերջին 170 տարվա ընթացքում առաջին անգամ կին գլխավոր խմբագիր ունի

Ամերիկյան  Reuters լրատվական գործակալությունը նոր գլխավոր խմբագիր ունի. նա վերջին 170 տարվա մեջ առաջին կինն է, որը ղեկավարում է լրատվական գործակալությունը։ Այս մասին նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Ծնունդով Հռոմից 47-ամյա Ալեսսանդրա Գալլոնին հաջորդելու է 10 տարի այս պաշտոնը զբաղեցրած ամերիկացի լրագրող Սթիվեն Ադլերին, որը թոշակի է անցել։ Պաշտոնը ստանձնելով` Գալլոնին ղեկավարելու է 2450 աշխատակցի:

Ալեսսանդրա Գալլոնին ավարտել է Հարվարդի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցները և 13 տարի աշխատել The Wall Street Journal-ում՝ նախ որպես Լոնդոնի, ապա Հռոմի և  Փարիզի թղթակից, ապա ղեկավարել լրատվականի Հարավային Եվրոպայի բյուրոն։

2013 թվականից տեղափոխվել է Thomson Reuters լրատվական՝ խմբագրելով Հարավային Եվրոպայի արդեն հայտնի տարածաշրջանի նորությունների բաժինը, ապա ստանձնել միջազգային լուրերի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Reuters լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1851 թվականին գերմանացի ներգաղթյալ Փոլ Ջուլիուս Ռոյտերի կողմից, սակայն նրա պատմությունը սկսվել է 1849 թվականին, երբ գրասենյակներ են բացվել Աախենի (Գերմանիա) և Բրյուսելի (Բելգիա) միջև ֆոնդային ռեպորտաժների փոխանակման համար, որտեղ օգտագործել են փոխադրող աղավնիներ՝ տեղեկատվություն ուղարկելու նպատակով: Reuters-ի գրասենյակը, որը հիմնադրվել է Լոնդոնում 1851 թվականին, արդեն ֆոնդային նորությունները փոխանցում էր նոր հեռագրական մալուխի միջոցով: Հաջորդ քայլը Եվրոպայում որոշ թերթերի համար քաղաքական նորությունների փոխանցումն է եղել: Գործակալության լրագրողները առաջիններից են, որ աշխարհին տեղեկացրել են այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք են Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 2008 թվականի մարտին Reuters-ը միացավ կանադական Thomson լրատվական խմբին: Միավորված Thomson Reuters ընկերությունում Reuters-ը տեղեկատվության հիմնական մատակարարն է: