Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը նշաում է իր 40-ամյակը։
Իր համար այդ կարևոր օրը Մանվելն անցկացրել է կնոջ և երկու երեխաների հետ։
«Քանի որ ասում են, որ 40 տարին չեն նշում, ոչ մի յուրահատուկ բան չենք կազմակերպել։ Ընտանիքիս հետ եմ անցկացրել այդ օրը, զբոսնել ենք միասին»,- ասում է Մանվելն ու հավելում, որ իր ծննդյան օրն ամենից շատն ուրախացել էր փոքրիկ դուստրը՝ Նատալին,-«Ծննդյանս ամբողջ օրը դուստրս երգում էր «Happy birth day» երգը, անընդհատ մոմը վառում, փչում էր»։
Դերասանը հիշում է իր ծննդյան տոներից ամենայուրահատուկն ու սպասվածը, որից անցել է արդեն 25 տարի։
«Հիշում են 15-ամյակս ինձ համար ամենասպասվածն էր, որովհետև սիրահարված էի, ու սիրածս աղջիկը պետք է գար մեր տուն։ Շատ էի սպասում այդ օրվան։
Հիշում եմ, որ ծրագրել էի հենց այդ օրը խոստովանել, որ սիրում եմ, բայց այդպես էլ չասեցի»,- ժպիտով պատմում է նա։
Ինչպես, բոլորիս, այնպես էլ ռեժիսոր և նախկին երգիչ Մանվել Խաչատրյանի համար 2020-ը դժվարությունների տարի էր։ Կորոնավիրուսի պատճառով մշակութային գործիչները 2020 թվականին հայտնվել էին բավականին բարդ դրության մեջ, սակայն Մանվելը կարողացել էր հեշտությամբ ելք գտնել նաև այդ խնդրից։ Նա տաքսի էր վարում։
Անկատար էին մնացել նաև դերասանի 39-ամյակի երազանքները, որոնք հիմա արդեն սկսում են իրականանալ։
«Երազում էի անցած տարի տուն կառուցելու մասին։ Այն հիմա նոր-նոր ստացվում է, տունս նոր եմ կառուցում։ Անցած տարին իմ ու երևի բոլորի մեջ ամեն ինչ փոխեց։
Հիմա անգամ ժպտալուց զգուշանում ես․մտածում ես՝ արժե՞։ Բայց ամեն դեպքում պետք է ժպտալ ու շարժվել առաջ»։
Մանվելի այս տարվա երազանքը տարբերվում է բոլոր մնացած երազանքներից։
«Այս տարի երազում եմ ինչ-որ կերպ ավելի շատ պիտանի լինել երկրիս։
Ճիշտ է, ես անում եմ իմ գործը, բայց մտածում եմ, որ դա քիչ է․ ես ավելի շատ բան պետք է անեմ, ավելի շատ բան պետք է տամ հայրենիքիս։
Միշտ փորձել եմ ինչ-որ բան փոխել, բայց դա արել եմ իմ խաղացած դերերով, իսկ հիմա զգում եմ, որ ժամանակը եկել է, ու զգում եմ ավելի գլոբալ բաներ փոխելու համար իմ մեջ եղած պոտենցիալը։ Յուրաքանչյուրս էլ պետք է փորձենք մի բան փոխել՝ կաշվից դուրս գալով, մեր ժամանակի և էներգիայի հաշվին։ Մենք տեսանք, թե հերոսներն ինչ արեցին մեզ համար ու հիմա իրավունք չունենք թուլանալու»,-ասում է նա։
Հետհայացք գցելով Մանվելը նկատում է, որ այս տարիների ընթացքում իր բնավորության մեջ փոխվել է միայն մեկ բան։
«Առաջ մտածում էի, որ բոլորի համար լավը պետք է լինեմ, հիմա այլևս այդպես չեմ կարծում։ Արդեն ում համար լավն եմ, բավարար է, ու էլ ջանքեր գործադրելու կարիք չկա։ Իսկ առաջ ձգտում էի բոլորի համար լավը լինել, բայց հետո հասկացա, որ դա հնարավոր չէ։ Ավելի լավ է նրանց համար լինել լավը, ովքեր քեզ իրականում սիրում են, մանավանդ տարիների ընթացքում այդ մարդկանց թիվը գնալով քչանում է»,- կիսվում է դերասանը։
Մանվելը կարծում է, որ տարիները որքան էլ անցնեն, ինքը չի փոխվի․«Պատկերացնում եմ ինձ միշտ երիտասարդ ու ուրախ։ Քո տարիքն այնքան է, որքան դու ես զգում, իսկ ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում, չեմ մեռնելու»,-կատակում է նա։
Ապագայի ծրագրերի մասին խոսելով՝ Մանվելն ասում է․ Երկու նոր ներկայացումների մեջ զբաղվածություն ունեմ։ Գլխիս մեջ ներկայացում կա, որը ցանկանում եմ բեմադրել։ Ունեմ նաև բիզնես ծրագրեր, որոնք կամաց-կամաց սկսել եմ մշակել»։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան