Լավագույն դիետան՝ արագ նիհարել ցանկացողների համար

Ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ սննդակարգեր ու վարժությունների համալիրներ, սակայն սովորաբար ցանկալի արդյունքին հասնելու համար բավական երկար ժամանակ է պահանջվում, մինչդեռ շատերը դիմում են նման միջոցների օգնությանը հնարավորինս արագ կազմվածքը կարգի բերելու համար:

Կարճ ժամանակահատվածում զգալի արդյունքի հասնելու համար մասնագետները մշակել են սննդակարգեր, որոնք բավական խիստ են, սակայն թույլ են տալիս շատ արագ նիհարել: Նման դիետաներից մեկն է «Շաբաթ» դիետան, որը ենթադրում է սննդի ու կալորիաների խիստ սահմանափակում ու լուրջ կամքի ուժ:

Այս դիետային հետևելու ընթացքում հարկավոր է օրական առնվազն 1.5 լիտր ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար, ինչպես նաև հնարավորինս շատ զբոսնել ու դրական հույզեր ստանալ, ինչը կօգնի չմտածել սննդի մասին:

Սննդակարգը.

Ինչպես արդեն նշվել է, այս սննդակարգը ենթադրում է կալորիաների ու մթերքի խիստ սահմանափակում, ուստի բոլոր կանոններին հետևելու համար կամքի ուժ է հարկավոր: Այնուամենայնիվ, այն կօգնի շատ արագ կարգի բերել կազմվածքը՝ թույլ տալով ընդամենը 7 օրում ազատվել մինչև 7 կգ ավելորդ քաշից:

Հարկ է հիշել, որ այս սննդակարգին հետևելու դեպքում օրվա ընթացքում հարկավոր է ուտել միայն նշված մթերքը՝ բաժանելով այն 3-4 մասի: Օրվա ընթացքում կարելի է խմել մաքուր ջուր ու կանաչ թեյ (առանց շաքարավազի), իսկ մյուս ըմպելիքներից հարկավոր է հրաժարվել (բացառությամբ հատուկ օրերի):

Առաջին օրվա սննդակարգը.

Դիետայի առաջին օրը հարկավոր է խուսափել սննդից և օգտագործել միայն հեղուկներ (թեյ, սուրճ, հյութեր և այլն): Կարելի է խմել ցանկացած ըմպելիք և ցանկացած քանակությամբ, բացի գազավորված ըմպելիքներից:

Երկրորդ օրվա սննդակարգը.

Սննդակարգի երկրորդ օրը հարկավոր է սնվել միայն հում բանջարեղենով: Այս դեպքում նույնպես քանակությունն անսահմանափակ է, սակայն ոչ մի դեպքում չի կարելի մթերքը ենթարկել ջերմային մշակման:

Երրորդ օրվա սննդակարգը.

Երրորդ օրը հարկավոր է սնվել նույն կերպ, ինչպես և առաջին օրը՝ բացառելով սնունդն ու օգտագործելով միայն հեղուկներ: Եթե նման սննդակարգին հետևելը շատ բարդ է, ապա կարելի է օրվա ընթացքում երկու անգամ բանջարեղենային սմուզի խմել:

Չորրորդ օրվա սննդակարգը.

Չորրորդ օրը հարկավոր է սնվել միայն թարմ մրգերով: Մրգերի քանակը սահմանափակ չէ, սակայն դրանք պետք է լինեն թարմ և չենթարկվեն ջերմային մշակման:

Հինգերորդ օրվա սննդակարգը.

Այս օրվա սննդակարգն ավելի բազմազան է, սակայն մթերքը կարելի է ուտել միայն որոշակի քանակությամբ: Հինգերորդ օրը կարելի է ուտել միայն 300 գրամ անյուղ խաշած միս, 100 գրամ կաթնաշոռ ու 3 հատ հավկիթ:

Վեցերորդ օրվա սննդակարգը.

Սննդակարգի նախավերջին օրը նույնպես հարկավոր է օգտագործել միայն ըմպելիքներ (անսահմանափակ քանակությամբ):

Յոթերորդ օրվա սննդակարգը.

«Շաբաթ» սննդակարգի վերջին օրը նախատեսված է օրգանիզմը նորմալ սննդակարգին նախապատրաստելու համար, ուստի այն կլինի բավական հարուստ ու բազմազան, սակայն միաժամանակ հնարավորինս դիետիկ:

Նախաճաշին կարելի է ուտել յոգուրտ ու ձվածեղ, ճաշին՝ հավով ապուր, հետճաշիկին՝ մրգեր, իսկ ընթրիքին՝ հունական աղցան:

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ քաշի կտրուկ կորստի դեպքում

Քաշի չափազանց կտրուկ կորուստը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, սակայն այս դեպքում ամեն ինչ կախված է մարդու սկզբնական քաշից: Առողջությանը վնաս չհասցնելու համար մարդը պետք է շաբաթական կորցնի 0.5-1 կգ ավելորդ քաշ, սակայն լուրջ ճարպակալման դեպքում քաշը շատ ավելի արագ է նվազում, ուստի խուճապի մատվելու կարիք չկա:

Սակայն հարկ է հիշել, որ քաղցած մնալը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի հնարավորինս արագ նիհարելու համար նման ծայրահեղական քայլերի գնալը չի խրախուսվում: Նման դեպքերում կարող են ի հայտ գալ մի շարք տհաճ ախտանշաններ, ինչպիսին են.

  • ջրազրկումը,
  • գլխացավերը,
  • դյուրագրգիռությունը,
  • գլխապտույտները,
  • հոգնածությունը,
  • փորկապությունը,
  • մազաթափությունը,
  • մկանային զանգվածի կորուստը,
  • նյութափոխանակության դանդաղումը,
  • դաշտանային ցիկլի խանգարումները:

Նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու վերանայել սննդակարգը՝ հնարավորության դեպքում փոխելով այն: Սա կօգնի խուսափել լուրջ բարդություններից ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Բացի այդ, չափազանց արագ նիհարելու դեպքում հետագայում քաշի ավելացման հավանականությունն ավելի բարձր է լինում: Սա է պատճառը, որ նման «էքսպրես» դիետաներին հետևելու դեպքում մասնագետները հորդորում են հետագայում նույնպես վերահսկողության տակ պահել սննդակարգը, խուսափել անառողջ մթերքից ու լինել ֆիզիկապես ակտիվ: