Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

«Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսում ներկայացված են ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի կտավները, որոնցում պատկերված է Արևմտյան Հայաստանը՝ Անիից մինչև Կիլիկիա: Կտավներին կցված են օտարազգի նշանավոր քաղաքական գործիչների, պատմաբանների, ճանապարհորդների, իրավաբանների, գրողների մեկնությունները Հայոց ցեղասպանության մասին:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այն կգործի մինչև ապրիլի 25-ը:

Նկարիչը 2004 թվականին հետո 2007-ին շրջել է Անիից մինչև Կիլիկիա և նկարել է իրեն հանդիպած բոլոր հայկական հուշարձանները, բոլոր նշանավոր վայրերը, որտեղ տեղի են ունեցել  1915 թվականի ոճրագործությունները: Ըստ Ներսիսյանի՝ ցուցահանդեսում ներկայացված 106 աշխատանքը բովանդակության առումով ասես մի փոքր շեղվում է գեղարվեստական բնույթից, քանի որ այն նաև տեղեկատվական գործառույթ է իրականացնում, ներկայացնում է եղեռնագործության պատմաժամանակագրությունը:

Խոսելով Արևմտյան Հայաստանում շրջելիս իր ապրած հույզերի, ապրումների մասին՝ Լեմս Ներսիսյանը խոստովանեց՝ տպավորություն էր ասես Երևանից Գյումրի է գնացել: «Իմ ոտքը ամուր եմ դրել այդ հողի վրա, մտածել եմ, որ այն մեր հողն է, պարզապես վարձակալության սկզբունքով տվել ենք թուրքերին: Այդ միտքն էր ինձ ուղեկցում: Այնտեղ հայի շունչ չկա. քրդեր են, թուրքեր, մի քանի ծպտված հայի եմ բացահայտել, բայց դա եղանակ չի ստեղծում: Թվում է՝ ամբողջ միջավայրը պետք է օտար լինի, բայց այդպես չէ»,-նշեց նկարիչն ու հավելեց, որ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկայացվել է ոչ միայն Երևանում, այլև Փարիզում:

«Էրգիր ավետյաց ցուցադրությունը» ևս հերթական անգամ ի լուր աշխարհի դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հատուկ արձանագրում, որ այն արդեն ճանաչված իրողություն է միջազգային հանրության և ամրագրված առաջադեմ և քաղաքակիրթ հասարակության կողմից:
Ցուցադրությունը կտևի տասը օր:
Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները ցուցադրվել են Ֆրանսիայում և Ստրասբուրգում:
Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի նկարիչների միության և «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: