«Ճակատագրի հեգնանք»-ը կվերանկարահանվի հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ

Ռուսաստանցի ռեժիսոր Մարիուս Վայսբերգը կնկարահանի Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի անգլերեն տարբերակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Ցենտրալ Պարթներշիփ» ընկերության մամուլի ծառայությանը:

«About Fate» խորագրով ֆիլմում նկարահանվելու են հոլիվուդյան դերասաններ Էմմա Ռոբերտսը և Թոմաս Մանը: Նկարահանումները նախատեսվում է սկսել այս տարվա ամռանը Բոստոնում:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր սովետական մշակութային ժառանգությունը այժմ կդառնա ամբողջ աշխարհի սեփականությունը: Ես երկար տարիներ աշխատում եմ այս նախագծի վրա, և վերջապես, շնորհիվ իմ գործընկեր Վլադիմիր Կոշելևի, մեզ հաջողվել է ստեղծել փայլուն սցենար»,- մեջբերում է Վայսբերգի խոսքերը մամուլի ծառայությունը:

Մարիուս Վայսբերգը ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, այնպիսի կատակերգությունների հեղինակ, ինչպիսիք են «Հիտլեր Կապուտ» և«Սերը մեծ քաղաքում» ֆիլմերը: