Ամենաքաղաքական ֆիլմը քաղաքական ինտրիգների պակաս չզգաց․ «Իշխանություն» ֆիլմի պրեմիերային հաշված ժամեր են մնացել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Իշխանություն» ֆիլմը այսօր՝ ապրիլի 16-ին, կբարձրանա մեծ էկրաններ․ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կկայանա 19։30-ին: Ֆիլմի սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, այն մեր երկրի մասին քաղաքական դրամա է, որում ընդգրկված է մեր ապրած վերջին երեք տարին՝ հեղափոխությունից մինչև պատերազմ:  ShowBiz.am-ը ևս ներկա կլինի ֆիլմի պրեմիերային և հետաքրքիր մասնրամասներով կներկայացնի պրեմիերայի գլխավոր իրադարձություններն ու հյուրերին։ Իսկ մինչ այդ փոքրիկ անդրադարձ վերջին շրջանում գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված ֆիլմի մասին։

Ռեժիսորը ֆիլմի սցենարի վրա սկսել է աշխատել 2019 թվականի վերջից, իսկ արդեն 2020 թվականի գարնանը նկարահանող անձնակազմն ու դերասանները մտել են արտադրական փուլ։

«Իշխանություն» ֆիլմում նկարահանվել են Սերգեյ Շակուրովը, Անի Ղազարյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան, Ժաննա Վելիցյանը և այլք:

Խոսելով դերասանական կազմի ընտրության բարդ փուլի և անհաջողությունների մասին՝ Մհեր Մկրտյանը նշել էր, որ ցանկացած ֆիլմ նկարելիս էլ դժվար է դերասանական կազմ հավաքելը, քանի որ բոլորն են փորձում ճիշտ ընտրություն կատարել և գտնել տվյալ ֆիլմի համար լավագույններին, սական միևնույն ժամանակ հավելել․ «Ինձ համար տհաճ և անհասկանալի էր, երբ այն մարդիկ, ում դու հրավիրում ես քասթինգի, իսկ քասթինգը ինձ համար անհրաժեշտ բան է յուրաքանչյուր ֆիլմ նկարելու համար, քանի որ պետք է հասկանաս, ընտրես, զգաս, սցենարի հետ ծանոթանալուց հետո ուղղակի հրաժարվում են՝ ասելով որ՝ դե, մեզ պե՞տք ա, ախր, մենք դերասաններ ենք, և այն հարցին՝ այո, դու դերասան ես և պետք է ամեն ինչ խաղաս, դա քո մասնագիտությունն է, պատասխանում են՝ ախր, մեր հանդիսատեսի մեջ մեզ սիրում, հարգում են թե՛ «նիկոլականները», թե՛ «հականիկոլականները», մեզ պե՞տք է թաթախվել էս ամեն ինչի մեջ։ Սա արդեն մարդկանց իրենց մասնագիտությունը չհասկանալու խնդիր է, որը, ցավոք սրտի, Հայաստանում այս պահին կա։ Համենայնդեպս, կար մեկ տարի առաջ, ես համոզված եմ, որ նրանցից շատերը հիմա երջանիկ կլինեին այս ֆիլմում նկարահանվել»։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում ռեժիսորը նշել էր, որ մի կողմից ուզում է ինտրիգով լի ինչ-որ բան ասել, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի գնալ կինոթատրոն, մյուս կողմից փորձում է զգույշ լինել գնահատականների մեջ, երբ դա վերաբերում է իր արած գործին. «Ինքս ինձ չեմ գովաբանում: Ես միջանկյալ սերունդ եմ, որը բախտ է ունեցել տեսնել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ նրանք զգուշացնում էին՝ մինչև հանդիսատեսը չդիտի ֆիլմն ու իր գնահատականը չտա, ինքդ գնահատական մի տուր: Ամեն դեպքում, մեծ հույս ունեմ, որ հանդիսատեսին հետաքրքիր կլինի: Այն էներգետիկան, որի մեջ բոլորս այսօր գտնվում ենք, մի կողմից քաղաքականացված է, մյուս կողմից հոգսաշատ: Շատերի մոտ այնպիսի իրավիճակ է, երբ ոչնչի համար տրամադրություն չունեն, բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ այս պահին պրեմիերայի օրվա համար տոմսեր գրեթե չկան»:

Մինչ պրեմիերան ֆիլմի շուրջ սկսվել են քաղաքական ինտրիգներ էլ հյուսվել։ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Ալեն Սիմոնյանը զանգահարել է «Դալմա»-ի, «Մեգամոլ»-ի և մի քանի այլ կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը։

Ի պատասխան դրան այսօր ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել Mediaport-ի նյութը՝ Ալեն Սիմոնյանի «Իշխանություն» ֆիլմի հետ կապված կինոթատրոններ կատարած կամ չկատարած զանգերի մասին։

«Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում, կոնկրետ ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել»,- գրել է Մկրտչյանը:

Ինչևէ օրվա ինտրիգներից է մնում նաև, թե ֆիլմի պրեմիերային ներկա կլինե՞ն արդյոք քաղաքական գործիչներ, և եթե այո՝ ովքե՞ր կլինեն։