Նիդերլանդներում ապրիլի 24-ի միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով

Նիդերլանդներում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով:
Ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով 12:00-ին, հեռարձակում կապահովվի Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON- ի) և «Հայոց ցեղասպանության ոգեկոչման» (Armeense Genocide Herdenking) նախաձեռնության «Ֆեյսբուք»-ի էջերում։
Ներկայացվելու է Հոլանդահայ ֆեդերացիայի «24 ապրիլ հանձնախմբի» «Սիրտ» խմբակի երիտասարդների պատրաստած տեսանյութը:  Պրոֆեսոր, դոկտոր Ուղուր Ունգորը ներկայացնելու է Նիդերլանդներում բնակվող ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների անձնական ընտանեկան պատմությունները։
Նույն օրն առցանց դասախոսությամբ հանդես կգա Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրկ Ռոդզանտը և կլինի հարց ու պատասխան նրա դոկտորական դիսերտացիայի թեմայով` «Նիդերլանդները և հայերի հալածանքները Օսմանյան կայսրությունում, 1889-1923 թթ.»: Նա իր գիտական թեզը պաշտպանելու է ապրիլի 23-ին Ամստերդամում։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Նիդերլանդները Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել 2004թ. դեկտեմբերի 21-ին: