Արքայազն Չարլզը նայել է մարդկանց կողմից Էդինբուրգի դուքսի հիշատակի համար խոնարհած ծաղիկներին

Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Կամիլայի հետ, թագուհի Եղիսաբեթի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության նախաշեմին այցելել է Լոնդոնի Մալբորո-Հաուս, որտեղ բերվում են ծաղիկները, որոնք մարդիկ թողել են Բուքինգհեմյան պալատում և թագավորական այլ պալատներում՝ հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալ արքայազնին:
Արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին։ Նա կհուղարկավորվի Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի մատուռում շաբաթ՝ ապրիլի 17-ին:
«Ապրիլի 16-ին  Մալբորո Հաուսի այգիներում, Ուելսի արքայազնը ու Կորնուելսի դքսուհին նայել են մարդկանց կողմից Էդինբուրգի դուքսի հիշատակի համար խոնարհած ծաղիկները», – նշված է թագավորական ընտանիքի Facebook-ի էջում:
Մալբորո Հաուսը պատկանում է թագավորությանը, սակայն 1965 թվականից հանձնվել է բրիտանական համագործակցության քարտուղարությանը։

Թեև թագավորական ընտանիքը կոչ է արել արքայազն Ֆիլիպի հիշատակին ծաղիկներ բերելու փոխարեն նվիրատվություններ անել բարեգործական կազմակերպությունների օգտին, շատերը, այնուամենայնիվ, նախընտրել են իրենց հույզերն ավանդական եղանակով արտահայտել:

Հրաժեշտի արարողությունը կանցնի ընտանիքի ու հարազատների նեղ շրջանակում՝ մոտ 30 հոգու մասնակցությամբ:

Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Հուղարկավորությունը կառավարական չի լինի. այդպես է ցանկացել արքայազն Ֆիլիպը:

Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։ Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։