Հրապարակվել Է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրածների ցուցակը

Սգո հանդիսավոր արարողությանը հրավիրած անձանց ցուցակը ներառում է 30 մարդ: Այդ մասին հաղորդվում է Բուկինգհեմյան պալատի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ապրիլի 17-ին 14:40-ին (Երեւանի ժամանակով 17:40-ին) արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել է արքայազն Ֆիլիպը, կուղևորվի Սուրբ Ջորջի մատուռի կողմը:

Դագաղի հետևից կանցնեն դուքսի բոլոր չորս զավակները՝ արքայազն Չարլզը, Էնդրյուն, Էդվարդը և արքայադուստր Աննան, ինչպես նաև նրա թոռները՝ արքայազն Ուիլյամը և Հարրին: Հուղարկավորությունը տեղի կունենա Վինձորի դղյակի տարածքում:

Կորոնավիրուսի պատճառով սգո արարողության մասնակիցների առավելագույն թիվը սահմանափակվել է 30-ով: Բացի Էլիզաբեթ Երկրորդ թագուհուց, երեխաներից և թոռներից, արարողությանը ներկա կլինեն թագուհու զարմիկները, ինչպես նաև արքայազն Ֆիլիպի ազգականները, այդ թվում՝ Բադենի գահաժառանգ արքայազն Բեռնհարդը և այլք: Արարողության ավարտից հետո Էդինբուրգի դուքսի դին կիջեցնեն թագավորական դամբարան: Քենթերբերիի արքեպիսկոպոսը հոգեհանգստյան աղոթք կկարդա, և երգչախումբը կերգի Ազգային հիմնը: Պալատը սգո հանդիսավոր արարողության կարգը նաև կհրապարակի պալատի կայքով: Հուղարկավորությունն ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ և ռադիոյով: