Թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել

Թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան ներկայում ամենատարածված ծառայություններից է, որոնք մատուցվում են գեղեցկության սրահներում, սակայն այս անվնաս թվացող պրոցեդուրան կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Բժիշկ-կոսմետոլոգ Օքսանա Չաշինայի խոսքով՝ այս պրոցեդուրայի ընթացքում մասնագետը մեկ թարթիչին ամրացնում է ևս 2-3 արհեստական թարթիչ, սակայն մազարմատը ոչ միշտ է կարողանում հաղթահարել հավելյալ ծանրաբեռնվածությունը: Սա կարող է հանգեցնել վնասվածքների ու ապաճման, ինչը ենթադրում է, որ թարթիչը պարզապես կդադարի աճել:

«Այս դեպքում «ամենաանմեղ» հետևանքը կլինի թարթիչների կորուստն ու դրանց աճի կանգը», – ընդգծել է մասնագետը:

Բացի այդ, թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան կարող է հանգեցնել նաև տեսողության վատթարացման: Նման խնդրի պատճառ կարող են դառնալ թարթիչների ամրացման համար կիրառվող անորակ նյութերը: Օգտագործվող սոսինձը կարող է հանգեցնել մաշկի և անգամ աչքի եղջերաթաղանթի այրվածքների, ինչպես նաև շաղկապենաբորբի (կոնյունկտիվիտ) զարգացման, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել: