Ֆիլիպ Կիրկորովը «Маска» նախագծում չի ճանաչել հորը (լուսանկարներ)

Ռուս երգիչ Բեդրոս Կիրկորովը «Маска» շոուի ընթացքում ելույթ է ունեցել Սուլթանի կոստյումով։ Նախագծում նրա հայտնվելը զարմացրել է ժյուրիի ղեկավար Ֆիլիպ Կիրկորովին։

Համարից առաջ հերոսը շփվել է ժյուրիի անդամների հետ, սակայն նրանք չեն կարողացել հասկանալ, թե ով է թաքնված դիմակի տակ։ Առեղծվածային արտիստը կատարել է «Если б я был султан» երգը։

Ժյուրին փորձել է գուշակել, թե ով է թաքնված Սուլթանի դիմակի տակ։ Ենթադրությունները տարբեր էին՝  խորհրդային կատակերգուներ Եվգենի Պետրոսյան, Վլադիմիր Վինոկուր, Գենադի Խազանով կամ հումորիստներ Միխայիլ Գալուստյան ու Գարիկ Մարտիրոսյան։

«Ես հազիվ էի շնչում՝ կոստյումը հագած, բայց հանուն շոուի գնացի մինչև վերջ։ Շնորհակալություն նրանց, ովքեր հնարել են այս խաղը։ Առողջություն ձեզ։ Ժպտացեք»,- ասել է 88-ամյա Բեդրոս Կիրկորովը, երբ հանել է դիմակը։

Տիմուր Ռոդրիգեսը հայտարարել է, որ ենթադրություններ ուներ, որ կոստյումով հանդես է եկել Ֆիլիպ Կիրկորովի հայրը, սակայն չէր ցանկանում ոչ ոքի վիրավորել։ Իսկ ռուսական փոփի արքայի երեխաները՝ Ալլա-Վիկտորյան և Մարտինը, որոնք ևս ներկա էին ստուդիայում, անմիջապես ճանաչել են սիրելի պապիկին։

Նախագծին Բեդրոս Կիրկորովի մասնակցությունն անսպասելի էր որդու համար։ Զարմացած Ֆիլիպը բղավում էր:

«Չարաճճի։ Իսկ ես մտածում եմ, թե ինչու է երկու օր բացակայում։ Իբրև ինչ-որ տեղ էր գնում գործնական հարցերով»,- մեկնաբանել է Կիրկորով կրտսերը։