Ինչպես երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանն է կարծում, մեր քաղաքում վերջերս շատ թրենդային է դարձել ակումբային փոքրիկ համերգներ կազմակերպելը, և քանի որ մեծ համերգներ վերջին շրջանում պարզապես չեն լինում թե՛ քովիդով, թե՛ պատերազմով և թե՛ երկրի ընդհանուր սոցիալական վիճակով պայմանավորված, այլ ելք չէր մնում, քան համալրելը այն երգիչների ցանկը, ովքեր արդեն հասցրել են գեղեցիկ համերգներ կազմակերպել հարմարավետ, ջերմ և տաքուկ միջավայրում։
Showbiz.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը նշեց, որ իր շատ սիրելի ընկերներից՝ երգիչ Արսեն Սաֆարյանն է իրեն ակումբային համերգ կազմակերպելու գաղափարը տվել․ «Մի օր հարցրեց՝ ինչո՞ւ դու էլ չես կազմակերպում նմանատիպ համերգներ՝ դու ու քո դաշնամուրը, այսինքն՝ ինչու չե՞ս նվագում ու երգում նմանատիպ սիրուն, ակուստիկ միջավայրում։ Ճիշտն ասած, այն ժամանակ այդ խոսքերին այդքան ուշադրություն չդարձրի, հետո հիշեցի, որ ես ունեմ շատ երգեր, որոնք ուղղակի չեն հնչում, որոնք հնում գրվել են և այդպես էլ մնացել, անգամ չեմ հիշում՝ ինչ եմ նվագել այն ժամանակ։ Եվ այդ խոսակցությունը միշտ մնաց մտքիս մեջ, և մի օր վերջնականապես որոշեցի, որ այս համերգը պետք է կայանա։ Սկսեցի կազմել ծրագիր, ընտրեցի հին ու նոր երգեր, ինչպես նաև երգեր, որոնք մեր ազգի սիրելի երգերից են, ֆոլկ երգեր՝ իմ մշակմամբ և իմ նվագակցությամբ»։
Սա Արսենի առաջին համերգն է այս ձևաչափում, և երգիչը խոստովանում է՝ կուզեր, որ այն դառնար համերգների շարք․ «Դեռ հստակ որոշված չէ, տարբեր տեղերում ընդհանուր քննարկումներ են ընթանում»։
Երեկոյի ընթացքում Արսեն Գրիգորյանը երգեց իր երգացանկի արդեն իսկ սիրված երգերը, հնչեցին նաև երգեր, որոնք հին էին, բայց դեռ չէին լսվել, ինչպես նաև երգեր, որոնք ամբողջովին նոր էին և պրեմիերաներ եղան։
Արսեն Գրիգորյանն այն երգիչներից է, ով, կարելի է ասել, չդավաճանեց իր դաշնամուրին, և ինչպես բոլորն են սիրում ասել, շարունակեց մնալ ռոմանսի Արսենը․ «Ես չգիտեմ՝ ինչքանով է այն ճիշտ կամ սխալ, բայց գիտեմ մի բան, եթե ես ժամանակին մի քիչ ավելի խելացի գտնվեի, չտրվեի միայն իմ սրտին, մի քիչ էլ որպես բիզնեսի մոտենայի, միգուցե հիմա այլ կարգավիճակում լինեի։ Բայց եթե հանուն այդ կարգավիճակի պետք է այս երգերը չծնվեին, մեծ առումով ես չեմ դժգոհում, որ հիմա այդ կարգավիճակը չկա»։
Երգիչը նշեց, որ այս մեկ տարվա համեմատական լռությունը անարդյունավետ չի անցել, ըստ Արսենի, այս ընթացքում բազմաթիվ նոր երգեր են ստեղծվել․ «Ուղղակի որպես այդպիսին նոր տեսահոլովակ չենք նկարահանել, սակայն հիմա պատրաստում եմ մի երգ, որը շուտով կլինի, կարծում եմ՝ հենց դա էլ կլինի տեսահոլովակի տեսքով»։
Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց «Ինչ լավն ես» երգը, ինչպես նաև «Հին պատմություն»-ը, որը տասնհինգ տարվա երգ է, սակայն դեռ ոչ ոք այն չէր լսել, «Մենախոսություն» երգը, որը կրկին երկար տարիների կյանք ունի, երեկոյին ներկայացվեց նորովի մատուցմամբ։ Համերգին առանձնահատուկ ուշադրության արժանացավ մի երգ, որն Արսենը նվիրել է պատերազմի մեր հերոսներին, երգը կոչվում է «Փառք տղերքին»։
Չնայած այն փաստին, որ սա երգչի առաջին ակումբային համերգն է, և դրա ամբողջ ընթացքում հանդիսատեսը շատ մոտ հեռավորության վրա է գտնվում երգչից, Արսենը նշեց, որ այդ փաստը նրան չի վախեցնում․ «Մենք աշխատել ենք երգի պետական թատրոնում, որտեղ դու ամենամոտն ես հանդիսատեսին, այդ, կարելի է ասել, գոյություն չունեցող տարածությունն ինձ չի վախեցնում։ Ինձ համար կենդանի շփումն ամենակարևորն է, ես չեմ սիրում, երբ դու գալիս, երգում ես, հանդիսատեսը ծափահարում է և վերջ։ Պետք է շփվել, պետք է ծիծաղել, պետք է խոսել, հումոր անել»։
Արսեն Գրիգորյանն այն երգիչներից է, ով հավատարիմ մնաց իր ոճին և լայն լսարններին դուր գալու համար չդավաճանեց ինքն իրեն, ինչի առիթվ էլ երգիչը մի դեպք հիշեց․ «Մի տասնհինգ օր առաջ Էրիկի հետ էի խոսում, ասում է՝ Արս, քեզ սիրում են, Հայկոյին էլ են սիրում, բայց դուք անընդհատ նույն բանն եք անում, որը իրոք շատ սիրուն է, բայց պետք է նոր ինչ-որ բան անեք, որը կգրավի նաև նոր մասսաներին։ Ես իրականում համաձայն եմ Էրիկի հետ, պետք է նոր բան անել, ոճային կտրուկ փոփոխություն է անհրաժեշտ, բայց ինձ համար խնդրահարույց մի բան կա, դա այն երաժշտությունն է, որն այսօր մեծամասնությունը լսում է։ Ես չեմ կարողանում ինքս ինձ համոզել, որ կարելի է այդպես էլ ստեղծագործել։ Այսօր շատ է պակասում երաժշտությունը, դրանց խորությունը, դա էլ տալիս ենք, գնում, կորում են, չեն կարողանում իրենք իրենց գտնել այդ երգերի մեջ։ Պետք է մաքսիմալ հասարակ և պարզունակ մատուցես, որ այսօրվա լայն մասսաները դա գնահատեն»։
Մինչ բեմ բարձրանալն Արսենը կիսվեց նաև իր հույզերով և ապրումներով․ «Ես այնքան ուրախ եմ, որ այս համերգը հիմա կայանալու է, քանի որ սա լավ առիթ է, որ ես վերհիշեմ հինը, նորից նվագեմ, անգամ հարմոնիաները հիշեմ, քանի որ մոռացել եմ՝ ժամանակին ինչ եմ նվագել։ Ինչպես նաև սա լավ փորձ է, քանի որ դու որպես դաշնակահար էլ ես մտնում այդ գործընթացի մեջ, որպես երգիչ էլ, չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ երկու ժամ շարունակ երգել»։
Խոսելով նախորդ տարվա բարդ ընթացքի, ներկայիս զբաղվածության և ապագա ծրագրերի մասին՝ երգիչը պատմում է․ «Ամբողջ պատերազմի ընթացքում ես ծանր քովիդ եմ տարել, շատ վատ եմ եղել։ Արդեն հավատս կորցրել էի, որ կլավանամ, այ այդ աստիճանի ծանր եմ տարել հիվանդությունը։ Մինչև հիվանդությունն անցավ, մինչև սկսեցի վերականգնվել, բոլորիս մոտ վատ էմոցիաներով, վատ էներգետիկ դաշտով մի փուլ էր, որի ընթացքում ոչ ոք ոչինչ չէր ցականում անել։ Նոր տարուց հետո մի կերպ սկսեցին հունի մեջ ընկնել, աշխատել։ Ռեսորանները բացվեցին, մարդիկ սկսեցին աշխուժանալ, դու էլ ընկար այդ հոսքի մեջ և սկսեցիր աշխատել։ Հիմա ես աշխատում եմ մի շարք երգերի վրա, իսկ իմ ամենամեծ գործը, կարելի է ասել, որն անում եմ, դա սերունդներ կրթելու գործն է։ Ես 2018 թվականի սեպտեմբերից ունեմ իմ հիմնած երգարվեստի դպրոց-ստուդիան»։
Երեկոյին ներկա էին նաև երգչի մտերիմ ընկերներ երգչուհի Հասմիկ Կարապետյանը և երգահան Ավետ Բարսեղյանը։ Օգտվելով առիթից՝ Արսենը անակնկալ կերպով Հասմիկին բեմ հրավիրեց, որտեղ էլ երգիչները միասին զուգերգ կատարեցին։ Արսեն Գրիգորյանի երգերի խոսքերի հիմնական մասի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Բեմ բարձրանալով Ավետն էլ իր հերթին խոստովանեց, որ տարիներ առաջ հենց Արսենի շնորհիվ է մուտք գործել այս ասպարեզ, քանի որ նա վստահել և կատարել է այն ժամանակ դեռ անհայտ երգահանի երգերը։
Հեղինակ՝ Լուս Ավագյան