Չինական ծագում ունեցող նկարչի ստեղծագործությունը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 30 մլն դոլարով

Չինական ծագում ունեցող ֆրանսիացի նկարիչ Չժու Դեցյունի (1920-2014) վրձնին պատկանող կտավն այսօր կայացած աճուրդում վաճառվել է մոտ 30 մլն դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հոնկոգում կայացած աճուրդի կազմակերպիչ Sotheby’s-ին:
Նկարը վաճառվել է 229 568 000 հոնկոնգյան դոլարով ($29,54 մլն), որը նախնական գնահատվող արժեքի կրկնակին է:

Խոսքը «Ձմեռային ներդաշնակություն» խորագրով եռանկարի (տրիպտիխ) մասին է, որը նկարիչը հեղինակել է 1986 թվականին: Այն պատկերված է յուղաներկով՝ աբստրակտ ոճով:  Գնորդի անունը չի հաղորդվում:

Բացի այդ, նույն աճուրդում 20,9 մլն դոլարով վաճառվել է մեկ այլ հայտնի չինացի հեղինակի՝ Չժաո Ուցզիի (1920-2013) ստեղծագործություններից մեկը: Նա ևս ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում:

Ընդհանուր առմամբ,աճուրդի ընթացքում վաճառված կտավների արժեքը մոտեցել է 100 մլն դոլարի: Փորձագետների կարծիքով՝ դա վկայում է չինական և ասիական գեղանկարչության հանդեպ հավակնորդների աճող հետաքրքրվածության մասին: