Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» ներկայացումը կմասնակցի «Բալթյան տուն» փառատոնին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» կատակերգությունը մասնակցելու է «Բալթյան տուն» թատերական փառատոնին: Փառատոնն անցկացվելու է մայիսի 13-18-ը Սանկտ Պետերբուրգում:
Ներկայացման բեմադրիչը Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանն է, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը, երաժշտական ձևավորումն իրականացրել է Նարեկ Բաղդասարյանը, բեմազգեստնեըը՝ Թամարա Բարոյանի:

Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Տաթև Ղազարյանը, Անի Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Գագիկ Մադոյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարեկ Բաղդասարյանը:
Ներկայացումը բեմադրված է Դանիիլ Խարմսի ստեղծագործությունների հիման վրա։ Դասական ռուսական ավանգարդը եզրափակող Խարմսի երկերն ու նրա՝ երբեմն աբսուրդի հասնող յուրահատուկ աշխարհընկալումն արդիական են առ այսօր։ Ներկայացման հերոսները մշտապես հրաշքի սպասող և միայնությունից տանջվող մարդիկ են, ովքեր չգիտեն իրենց միմյանց կապող անտեսանելի թելերի մասին։ Ներկայացումը բնօրինակի լեզվով է՝ ռուսերեն։
Թատերասերները Երևանում ներկայացումը կարող են դիտել ապրիլի 29-ին։