«Ինձ գրում են սպառնացող նամակներ, մարդասպան որակում ու անիծում». Մարինա Գրեգը՝ իր մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի և Սիմոն Մարտիրոսյանի մասին

Հեռուստառադիոհաղորդավարուհի Մարինա Գրեգն Ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրառում է արել՝ անդրադառնալով ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթին և պատմել տարիներ առաջ իր հետ տեղի ունեցած դեպքի մասին, քանի որ տարիներ առաջ Մարինայի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Իսակովի պողոտայում: Հետիոտն անցել էլ չթույլատրված տեղով։

«Ինձ մեղադրում են, որ ես ապրում եմ:

Սիմոն Մարտիրոսյանի դեպքը հատեց իմ համբերությունը: Տղային մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, որով տարիներ առաջ ինձ մեղադրեցին: Մինչև այսօր ինձ գրում են սպառնացող նամակներ, որակում մարդասպան, ինձ դագաղն են պառկեցնում, մուրազս փորս թողնում ու անիծում: Ինձ մեղադրում են, որ ես ապրում եմ:

Կարդում եմ Սիմոնի հասցեին գրված «փորձագետների» կարծիքները: Էդ ամպագոռգոռ մեղադրական մեկնաբանություններ գրողներին հարց եմ տալիս՝ դուք ապահովագրվա՞ծ եք այսպիսի դժբախտությունից: Դուք գիտե՞ք՝ ինչ է զգում վարորդը էդ պահին և իր հետագա կյանքում, դուք վստա՞հ եք, որ ձեզ հետ նման բան չի պատահի: Ե՛վ հետիոտնը, և՛ վարորդը հավասարապես երթևեկության մասնակից են, երկուսն էլ հավասարապես պետք է ուշադիր լինեն և հավասարապես ենթարկվեն կանոններին:

Հասկացեք, վերջապես, որ եթե վրաերթ է լինում, միշտ չէ, որ վարորդը խմած էր, սթափ չէր, զգույշ չէր: Մի ալարեք 2 մետր վերևից թույլատրված հատվածով անցնել փողոցը, խնայեք ձեր կյանքը, պատասխանատու եղեք ձեր և դիմացինի կյանքի համար:

Նաև ինձ շատ բարկացնում է դեպքը լուսաբանող իմ գործընկերների աշխատելաոճը. դեպքը դեպք է, եղածը՝ եղած: Ի՞նչ կապ ունի, թե ով է մեքենայի ղեկին եղել, ինչո՞ւ եք գրում վարորդի անունը և հանրայնացնում նրա ով լինելը, ի՞նչ պարտադիր է, որ բոլորն իմանան, որ հայտնի «Պողոսն» է եղել վարորդը: Սա դիտումներ հավաքելու ամենահարմար առիթը չէ. հարգեք դիմացինին: Ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին, անդառնալի կորուստ է, ցավը՝ անասելի:

Սիմոնին համբերություն եմ մաղթում, հուսով եմ՝ օրենքի բացը կլրացվի, և մեր երկրում համապատասխան կառույցները կկարողանան դեպքերի առիթով իրական փորձաքննություն նշանակել և վարորդի անմեղ լինելու դեպքում նրան արդարացնել և ուղղակի, ըստ օրենքի, մեղադրանք չառաջադրել»,- գրել է նա: