Շշունջս քամուն՝ ապրելու մեծ խորհուրդը. Հայկ Մելիքյանի մենահամերգն ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի

Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով:

Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Համերգին նաև կհնչենԿոմիտասի, Գ Գուրջիևի, Գ Նարեկացու ստեղծագործություններից ինչպես նաև բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ Ֆրեսկոբալդիի, Ջ Պերգոլեզիի գործերից: 

Showbiz.am կայքի հետ զրույցում վաստակավոր արտիստը նշում է, թե ինչպես առաջացավ համերգով հանդես գալու մտահղացումն ու պատմում է համերգային հատուկ ծրագրի մասին:

«Առջևում ապրիլի 24-ն է, և գիտեք՝ իմ ստեղծագործական գործունեության ընթացքում երևի չի եղել այնպիսի տարի, որ չանդրադառնամ մեր պատմության այս ողբերգական էջին՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Այս տարի, ապրիլի 20-ի մենահամերգս նույնպես նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, սակայն ապրելու մեծ խորհուրդ կա այս մենահամերգում. այն բարեգործական է, համերգի ողջ հասույթը պետք է տրամադրվի SOAR-ին՝ ընկած զինվորների ընտանիքների աջակցության կենտրոնին (Հայ որբերի օգնության միություն)։ Ըստ այդմ, կազմել եմ հատուկ ծրագիր՝ լի Գուրջիևի միստիկ երաժշտությամբ, բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև կներկայացնեմ դաշնամուրային մի քանի փոխադրումներս և երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարէ» պիեսի առաջին կատարումը»,-ասում է դաշնակահարը։

Համերգին արտիստը ներկայացնելու է երկու դաշնամուրային փոխադրումներ, որոնք համաշխարհային պրեմիերաներ են։   Դրանց մասին խոսելով` նա նշում է. «Առաջին անգամ կկատարեմ իմ երկու նոր փոխադրումները՝ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater»-ից «Quando corpus morietur» հատվածի և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայի «Sussurrando il venticello»  գեղեցկագույն արիայի դաշնամուրային փոխադրումները։ Երբ լսեցի Սկարլատիի այդ արիան՝ «Շշունջս քամուն», ցանկությունս այնքան մեծ էր իմ սեփական գործիքով այն վերարտադրելու, որ չհապաղեցի ու անմիջապես ականջումս լսեցի, թե ինչպես այն կհնչեր դաշնամուրի վրա։ Ոգեշնչված աշխատում էի, քանի որ ինչպես երաժշտությունը, այնպես էլ՝ թեման, ամենակարևորագույն շարժառիթն էին։ Ի դեպ, մենահամերգիս խորագիրն էլ այդպես եմ անվանել՝ «Շշունջս քամուն»»։

 

 

Համերգի ընթացքում կկայանա Արեգ Գալոյանի «Ազնարէ» պիեսի առաջին կատարումը: Հայկը պատմում է իր է  երիտասարդ կոմպոզիտորի համագործակցության մասին:

«Արեգ Գալոյանին դեռ պատանեկան տարիքից եմ ճանաչում՝ իր անցած բուռն ստեղծագործական փուլերով։ Վառ անհատականություն, ստեղծագործ անձնավորություն, որին, վստահ եմ, սպասվում է փայլուն ապագա։ Ուրախ եմ, որ նա համառորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ ընտրեց կոմպոզիտորի ուղին, որտեղ ազատ մտքի, ասելիքի, զգացմունքների աշխարհն է։ Նրա «Ազնարէ» ստեղծագործությունը գրվել է 2020թ. հոկտեմբեր ամսին՝ պատերազմի օրերին և անմիջականորեն կապված է վերջինիս հետ հերոսուհին պատերազմում կորցրել է իր սիրած տղային։ Որպես ենթախորագիր՝ կոմպոզիտորը մեջբերում է արցախցի բանաստեղծ Սոկրատ Խանյանի տողերից.

 

 «Նահատակված Սիրո վիշտը արցունքախառ հոգում վառած,

Վարդ աղջիկը վարդափունջ է դնում նրա կրծքին սառած…»

 

Հուզական, սարսռող է Գալոյանի երաժշտությունը, սպասում եմ պրեմիերայի օրվան, վստահ եմ՝ այն հուզելու է շատերին»։

 

Իր հերթին Արեգը մեզ հետ զրույցում նշում է, որ շատ անակնկալ կերպով Հայկն իրեն  ասաց, որ կատարելու է «Ազնարէ»  ստեղծագործությունը:
««Ազնարէ» -ն գրել եմ հենց պատերազմի ժամանակ: Ես ճանաչում եմ նրան. շատ լավ մարդ է, ով պատերազմը սկսելուն պես մեկնեց ռազմաճակատ որպես բուժքույր: Հիմա նա արդեն Երևանում է, բայց պատերազմի հետքերը մնացել են: Նրա պատմությամբ ոգեշնչվեցի և գրեցի այդ ստեղծագործությունը»,- հիշում է Արեգը:

 

Անցնող տարին բավականին շատ բան փոխեց բոլորիս կյանքում, կիսվելով, թե ինչ ազդեցություն ունեցավ այն իր ստեղծագործական գործունեության վրա` Հայկը պատմում է. «Իսկապես շատ բարդ տարի էր բոլորիս համար, փորձության նման մի բան՝ շահում է համբերատարն ու համառը։ Արդյունքում շատ համերգներ նվագեցի առցանց, վիրտուալ հարթակում՝ առանց հանդիսատեսի դրանք ինձ համար հետաքրքիր կենսափորձ էին։ Բացի դրանից ինքնամեկուսացումն ու համաճարակը ուղիղ կերպով անդրադարձավ այսօրվա  պահի արժեքի վերագնահատման վրա՝ ինքնակենտրոնացման, ինքնակազմակերպման և էլի որոշ «ինքնա»-ների հետ մեկտեղ։ Ուրախ եմ նշել, որ այդ ժամանակահատվածում ներգրավվեցի իմ «Հայկական գունապնակ» սկավառակի ձայնագրման գործընթացում, որը թողարկվել է բոլորովին վերջերս՝ NAXOS համաշխարհային առաջատար լեյբլի կողմից, որը թիրախավորում է դասական երաժշտությունը՝ իր Grand Piano շարքով։ Ակնհայտ է, որ համաճարակի փորձությունը շարունակվում է լինենք զգոն և պատասխանատու յուրաքանչյուրս՝ չկորցնելով մեր մարդկային նկարագիրը, դրականի հանդեպ մեր հույսը»։

Հեղինակ` Տաթևեր Լազարյան