Մայքլ Քիթոնը 29 տարի անց կրկին կներկայանա Բեթմենի կերպարում (լուսանկարներ)

Ամիսներ շարունակ շրջանառվող լուրերից և շահարկումներից հետո հաստատվել է այն լուրը, որ հոլիվուդյան դերասան Մայքլ Քիթոնը The Flash-ում հանդես կգա Բեթմենի դերում՝ այդ կերպարում վերջին անգամ 29 տարի առաջ հանդես գալուց հետո, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուրը հաստատել է ICM Partners ընկերությունը, որի հետ համագործակցում է դերասանը, ինչպես նաև ռեժիսոր Էնդի Մուսկետին, որը սոցցանցերում հայտնել է, որ նկարահանումներն արդեն ընթանում են և տեղադրել պաշտոնական տարբերանշանը:

69-ամյա դերասանն ի սկզբանե մարմնավորել է միլիոնատեր Բրյուս Ուեյնին` ռեժիսոր Թիմ Բարթոնի 1989 թվականին էկրաններ բարձրացած Batman ֆիլմում և 1992 թվականին էկրաններ բարձրացած Batman Returns ֆիլմում:

Այսպիսով նա դառնալու է ամենատարեց Բեթմենը. վերջին անգամ այդ կերպարում ներկայանալիս Քիթոնը եղել է 41 տարեկան։

Սպասված ֆիլմի արտադրական փուլը սկսվել է երկուշաբթի Լոնդոնում, ինչի առթիվ դերասանն ասել է, որ իրեն այս ամեն ինչում ամենաշատը մտահոգում է կորոնավիրուսային վարակը։

Քիթոնի մասնակցությամբ Batman ֆիլմը, որը էկրաններ էր բարձրացել 1989 թվականին, ամերիկյան կինովարձույթում վաստակել է 251,3 միլիոն դոլար (դա համարժեք է այսօրվա փոխարժեքով 536,1 միլիոն դոլարի), իսկ համաշխարհային կինովարձույթում` 411,5 միլիոն։

Քիթոնի մասնակցությամբ Batman Returns ֆիլմը ամերիկյան կինովարձույթում վաստակել է 162,9 միլիոն, իսկ ողջ աշխարհում` 266,8 միլիոն դոլար։

1998 թվականին Բեթմենի դերում հանդես է եկել հայտնի դերասան Ջորջ Քլունին։ Ավելի ուշ կերպարը մարմնավորել է Քրիստիան Բելը, ապա 2016 թվականին էկրաններ բարձրացած Batman v Superman ֆիլմում Բեթմենի կերպարը մարմնավորել է Բեն Աֆլեքը։