«Օսկար» մրցանակաբաշխության տարբեր տարիների ամենահիշարժան զգեստները` մեկ ֆոտոշարքում (լուսանկարներ)

Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում տեղի կունենա համաշխարհային կինոարտադրության ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ արարողությունը։

Այդ կապակցությամբ «ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացնում է մրցանակաբաշխության ամենահիշարժան զգեստները։

Օդրի Հեփբերն

Հոլիվուդյան դերասանուհի Օդրի Հեփբերնի այս կերպարը գերազանցել «Օսկար»-ի պատմության մեջ դեռևս ոչ ոքի չի հաջողվել: «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում խաղացած դերի համար 1954-ին «Օսկար»-ի  արժանացած դերասանուհու այս զգեստը, որը ստեղծել էր Յուբեր Ժիվանշին, համարվում է նրա ոճի խորհրդանիշը։

2011-ին հոլիվուդի լեգենդի հայտնի զգեստն աճուրդում վաճառվել է 140 հազար դոլարով։

Գրեյս Քելի

Իր ժամանակի նշանավոր դերասանուհիներից մեկը համարվող Գրեյս Քելին 1955-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Գյուղացի աղջիկը» (The Country Girl) ֆիլմում իր դերի համար արժանացել է պատվավոր արձանիկին։ Հայտնի դերասանուհին իր ատլասե պարզ, բայց միևնույն ժամանակ էլեգանտ զգեստով փայլել է կարմիր գորգին։

Հայտնի է, որ զգեստը համարվում է մրցանակաբաշխության ամենաթանկ զգեստներից մեկը․ միայն ատլասը, որից այն կարել են, արժեցել է 4 հազար դոլար։

Բարբրա Սթրեյզանդ

«Օ՜, ես չգիտեի, որ այն այսքան թափանցիկ կլինի»,- իր զգեստի մասին խոսելիս խոստովանել է ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը։

Կանադացի դիզայներ Առնոլդ Սկաազի զգեստով դերասանուհին 1969-ին դարձել է երեկոյի գլխավոր աստղը և սկիզբ է դրել այսպես կոչված կարմիր գորգերի վրա «մերկ զգեստների դարաշրջանին»։

Դիզայների համար այդ զգեստը բեկումնային է դարձել․ հետագա տարիներին նա զգեստներ է կարել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կնոջ՝ Բարբարա Բուշի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար։

Շեր

Կաշվե տաբատ, կարճ վերնազգեստ, կաշվե թիկնոց, իսկ գլխին՝ մեծ գլխազարդ․ աշխարհահռչակ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) 1986-ին իր այս կերպարով իսկական իրարանցում է առաջացրել։ «էկզոտիկ զգեստի» դիզայները Բոբ Մակին է։

Ավելի ուշ Շերը խոստովանել է, որ ցանկացել է տպավորել ամերիկյան ակադեմիայի անդամներին, որոնք, ինչպես երգչուհուն էր թվում, իրեն չէին սիրում։

Գվինեթ Փելթրոու

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի՝ 1999 թվականին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ կրած Ralph Lauren նորաձևության տան վարդագույն զգեստը արժանացել է նորաձևության քննադատների և հանրության հիացմունքին և մինչ օրս համարվում է մրցանակաբաշխության պատմության մեջ ամենագեղեցիկ զգեստներից մեկը։

Բյորկ

Իսլանդացի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ Բյորկի` 2001-ին կրած կարապի տեսքով զգեստը «Օսկար»-ի ամբողջ պատմության ընթացքում ամենաքննարկվողներից է եղել․ այն ընդգրկվել է և՛ ամենալավ, և՛ ամենավատ զգեստների ցուցակում։

Ջուլիա Ռոբերտս

Հոլիվուդի աստղ Ջուլիա Ռոբերտսի 2001-ին կրած հանդերձը ճանաչվել է կինոմրցանակի պատմության մեջ ամենաէլեգանտներից մեկը։

Հայտնի է, որ դերասանուհին խախտել է Հոլիվուդի՝ արարողությանը նոր հագուստով ներկայանալու «չգրված օրենքը» և ընտրել է Valentino նորաձևության տան 1992 թվականի հավաքածուի սև զգեստը։

Անջելինա Ջոլի

Versace նորաձևության տան նրբագեղ թավշյա զգեստը դերասանուհի Անջելինա Ջոլին կրել է 2012-ին։ Այն մրցանակաբաշխության պատմության մեջ համարվում է ամենաէլեգանտներից մեկը։

Ջենիֆեր Լոուրենս

Ջենիֆեր Լոուրենսի հայտնի զգեստը, որը նա ձեռք էր բերել Dior նորաձևության տնից և որով բարձրացել է «Օսկարի» բեմ՝ ստանալու արձանիկը «Իմ ընկերը խելագար» է ֆիլմում ստանձնած դերի համար, կարելի է կոչել արվեստի գլուխգործոց: Ի դեպ՝ սա այս մրցանակաբաշխոթյան պատմության մեջ գրանցված ամենաթանկարժեք զգեստն է, որի արժեքը հասնում է 4 մլն դոլարի:

Բիլի Փորթեր

2019-ին «Կեցվածքը» սերիալի աստղ Բիլի Փորթերը դարձել է արարողության ժամանակ ամենաքննարկվող անձը՝ ստվերում թողնելով բոլոր դերասանուհիներին։ Դերասանը արարողությանը ներկայացել էր սև թավշե զգեստով, որի վերնամասը կոստյումի տեսք է ունեցել։

Նատալի Պորտման

Ամերիկացի դերասանուհի Նատալի Պորտմանը 2020-ի «Օսկար»  մրցանակաբաշխությանը ներկայացել է երկարաքուղ, էլեգանտ զգեստով, որը նաև «քաղաքական ենթատեքստ» է ունեցել։

Dior նորաձևության տան զգեստի սև երկար թիկնոցի վրա ասեղնագործված են եղել բոլոր կին ռեժիսորների ազգանունները, որոնք չեն առաջադրվել «Օսկար»-ին, թեև դերասանուհու կարծիքով՝ կարող էին։