Ռիհանան 10 միլիոն դոլարով գնել է Բևեռլի Հիլզում իր շքեղ առանձնատան հարևանությամբ գտնվող տունը (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Ռիհանան Բևեռլի Հիլզում 10 միլիոն դոլար արժողությամբ նոր առանձնատուն է գնել, որը գտնվում է անցյալ ամիս իր կողմից ձեռք բերված 13,8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան հարևանությամբ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Fenty Beauty and Skin ի հիմնադիրն ու սեփականատերը կունենա այնպիսի հայտնի հարևաններ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Մրայա Քերին և Մադոննան։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռիհանան 13,8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն էր գնել Բևեռլի Հիլզում, որն ունի 7 սանհանգույց, տնամերձ տարածք, սպա սենյակ, լողավազան և այլ հարմարություններ: Տան ընդհանուր տարածքը մոտավորապես 2000 մետր քառակուսի է. այն կառուցվել է 1930 թվականին։

Դրա հարևանությամբ երգչուհու կողմից նոր ձեռքբերված առանձնատունն ունի 4 ննջարան, 4 սանհանգույց և ավելի քան 3500 մետր քառակուսի բնակելի տարածք:

2015 թվականին տունը գնել է մի զույգ՝ վճարելով 5,1 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ նրանք կրնապատկել են իրենց կարողությունը՝ անշարժ գույքը Ռիհանային վաճառելով։