«Հայրս մեծացել է թուրքի ընտանիքում»․ կայացավ Ռոբերտ Ամիրխանյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

«Հայրս մեծացել է թուրքի ընտանիքում, երբ 13 տարեկան է եղել, այդ ժամանակ իմացել է, որ հայկական գյուղից է և վերադարձել է՝ հարազատներին գտնելու։

Երբ փոքր էի, մեր տան սեղանի վրա դաշնամուրի ստեղնաշար նկարեցի ու սկսեցի նվագել։ Ծնողներս տեսնելով դա՝ լաց եղան, որ չեն կարողանում գնել ինձ համար այդ գործիքը։

Մանուկ հասակում միշտ գալիս էի Երևանի կենտրոնում գտնվող երաժշտական խանութ ու թաքնվում էի դրա աստիճանների տակ։ Երբ գրամոֆոնի սկավառակ էին գնում, հնչում էր դրա երաժշտությունը։ Այդպես աստիճանի տակ սպասում էի՝ երբ կլսեմ Կարուզոյին։

Իմ ամենամեծ գաղտնիքը՝ ինչպես է ծնվում նոր ստեղծագործությունը։ Ես էլ չգիտեմ, թե ինչպես»,- այս և կյանքի այլ կարևոր դրվագներ իր մասին նկարահանված փաստավավերագրական ֆիլմում պատմում է ինքը՝ Ռոբերտ Ամիրխանյանը՝ ստիպելով հանդիսատեսին ֆիլմի ողջ ընթացքում մե՛կ ժպտալ, մե՛կ մի կերպ խեղդել արցունքները կոկորդում։

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։
Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։

Ապրիլի 20-ին կայացավ նրա մասին փաստավավերագրական «Սիրտն իմ» ֆիլմի պրեմիերան, որտեղ կարմիր գծով անցնում է կոմպոզիտորի արցախյան համերգը, ճանապարհորդությունը դեպի Արցախ:

 «Դա ընդամենը կյանքին պատուհանից նայող մի տեսարան է, որտեղ կա հավատացյալ մարդու հոգևոր կյանքի նկարագիրը»,-ֆիլմն այսպես բնութագրեց Ռոբերտ Ամիրխանյանը, և հարցին, թե արդյոք սպասում էր, որ իր աշխատանքն այս կերպ կարժևորվի՝ նա պատասխանեց ոչ՝ պարզաբանելով,- «Իմ ամբողջ կյանքի մեջ իմ արած գործի հանդեպ չունեմ որևէ հետագա  հիացումների զգացողություն։ Ստեղծագործության ստեղծման համար, այո,  կարևորը հենց այդ հիացմունքն է, որը ոգենշչում է, որ մեղեդին ծնվի, բայց թե դրանից հետո ինչ կլինի․․․
Այդ ամենը նման է երեխայի, որը ծնվել է, բայց դեռ չգիտես, թե նա ինչ է դառնալու։ Իմ երեխաները՝ մեղեդիները, դեռ ապրում են հավատացյալի կյանքով, որ հետո հայտնվեն փաղաքուշ ձեռքերի մեջ»։

Ձայնագրվել է նաև Ամիրխանյանի «Սիրտն իմ» երգը, որն առաջին անգամ հնչեց ֆիլմում։

«Նոր երգը կորոնավիրուսային շրջանում իմ ստեղծագործական աշխատանքների արդյունքն է։ Ես մոտ 10-20 երգ եմ գրել կորոնայի շրջանում, որտեղ և՛ ճապոնական հոկկուների հիման վրա գրված երգեր են, և՛ իտալերեն երգեր, և՛ հայ բանաստեղծների լավագույն աշխատանքների հիման վրա գրված մեղեդիներ, բայց ես դեռ սպասում եմ դրանք ցուցադրելուն և ակնկալում եմ, որ կլինի հոգևոր երեկո»,-ասում է նա՝ տեղեկացնելով, որ շուտով պատրաստվում է հետաքրքիր համերգային ծրագրերի:

Ներկայացվեց նաև «Խոստովանանք» եռահատոր գիրքը: Դրանցում ամբողջական ձևով ի մի է բերվել Ամիրխանյանի արվեստը: Առաջինում ներկայացված են նրա ստեղծագորությունը, հիշողությունները, ֆոտոնկարները, հոգևոր երգերը: Երկրորդ և երրորդ հատորներում ներկայացվում են նրա անտիպ երգերը, որոնք նոր են հրապարակվում:

Հիշեցնենք, որ սա Ռոբերտ Ամիրխանյանի մասին առաջին ֆիլմը չէ: Առաջին ֆիլմը նկարահանվել է մոտ կես դար առաջ: Դստեր խոսքով՝ ֆիլմը այդ կես դարի ամփոփումն է, որում ցույց են տրվում կոմպոզիտորի ստեղծագործական վերելքները, ապրումները: Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է 2019-ին, աշխատանքները սկսվել են հենց այդ ժամանակից, այն նախատեսվում էր ցուցադրել արդեն 2020-ի մայիսին, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով ցուցադրվում է ավելի ուշ:

«Ֆիլմի մեջ կարմիր գծով անցնում է իր արցախյան համերգը, որը կայացավ պատերազմից ուղիղ 1 տարի առաջ: Համերգն ուներ շատ կարևոր խորագիր՝ «Այստեղ Հայաստանն է»»,-ասում է Ամիրխանյանի դուստրը՝ Աննան։

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Մկրտչյանը նշեց, որ նախքան նկարահանելը տարբեր տարբերակներ են քննարկել, օրինակ՝ ներգրավել տարբեր հերոսների: «Սակայն հասանք նրան, որ ֆիլմում հիմնական հերոսը պետք է լինի ինքը: Կադրում գերիշխողը հիմնականում նա է: Ես փորձել եմ 52 րոպեի միջոցով տալ, ներկայացնել մաեստրոյի ստեղծածը»,-ասաց Մկրտչյանն ու խոստովանեց, որ Ամիրխանյանը հրաշալի հերոս է:

Նշենք, որ ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Պավել Սելինը, Օլգա Մայակովան, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:

Ֆիլմի պրեմիերայի ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը բեմից կատարեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը և նրան միաձայն ձայնակցեց հոտնկայս դահլիճը։
«Այսօր մենք դժվարին պահ ենք ապրում, բայց մեր ամենամեծ խնդիրը մեր միասնությունն է, այն  միասնությունը, որը կցանկանայի տեսնել փողոցում, կցանկանայի, որ մեր կյանքի մեջ շարունակական լիներ, և մենք հասնելու ենք դրան»,- եզրափակեց իր խոսքը կոմպոզիտորը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան