Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու ազգային պատկերասրահը մշակութային ժառանգության եզակի նմուշները կհանրայնացնեն նորովի

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Սա–Նրանից– Հին» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:

Յուրօրինակ ցուցադրանքում ներառված է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերականգնված Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան (Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով):

«Հայկական կինոարվեստի և կերպարվեստի   մշակութային ժառանգության վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունը  առիթ  հանդիսացավ երկու պետական կառույցների ղեկավարների՝ Շուշանիկ Միրզախանյանի (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և Մարինե Հակոբյանի (Հայաստանի ազգային պատկերասրահ) համար՝ ստորագրելու գործակցության այս հեռանկարային հուշագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։