Հայոց ցեղասպանության թանգարանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին իրենց կատարած աշխատանքին

2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը եղել է և՛ հրապարակային, և՛ այնպիսին, որ առաջին հայացքից երևացող չէր:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե պատերազմի շրջանում ինչ է արել թանգարան-ինստիտուտը:

«Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք փորձել ենք կապվել մեր արտասահմանյան գիտական համայնքի գործընկերների հետ, ուղղվել են բազմաթիվ նամակներ, ընդհանուր թվով 160 նամակ ցեղասպանությամբ, Հոլոքոստով զբաղվող տարբեր թանգարանների, ուսումնական կենտրոնների, և կոչ ենք արել դատապարտել Արցախում հայերի դեմ իրականացվող ցեղասպանական բռնությունները: Անդրադարձել ենք նաև մշակութային ցեղասպանության տարբեր դրսևորումներին»,- ասաց Էդիտա Գզոյանը:

Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը հաձայն չէ այն դիտարկումների հետ, թե պատերազմի օրերին իրենք լուռ են եղել: Նման եզրահանգումներ ունեցողներին առաջարկեց ուսումնասիրել ու հետևել թանգարանի կայքէջին ու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:

«Ես ասել և ասում եմ՝ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Արցախում խաղաղ բակչության նկատմամբ եղել են ցեղասպանական բռնություններ: Դրանք ռմբահարումներն  էին ուղղված խաղաղ բնակչության դեմ, կյանքին սպառնացող վտանգով պայմանավորված իրենց բնակավայրերից տեղահանումներն են և այլն»,- ասաց Հարություն Մարությանն՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում գիտական լայն հանրությանը ներկայացնելու այդ ուղղությամբ կատարվող ուսումնասիրությունները: