Սերգեյ Խաչատրյանը երաժշտասերներին ներկայացրեց «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը

Երաժիշտ՝ դհոլի վարպետ Սերգեյ Խաչատրյանը դհոլի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, գործիքի առանձնահատկություններն ընդգծելու նպատակով գրել և հրատարակել է «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը՝ ներկայացնելով դհոլի կարևոր դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում: Հեղինակն անդրադարձել է հայկական դհոլ նվագելու յուրահատկություններին ու հմտություններին:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Նա տեղեկացրեց, որ դհոլ նվագել սովորելու ցանկություն ունեցողները հեռախոսի միջոցով կարող են սքանավորել գրքում առկա QR կոդը և իմանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է:
Խաչատրյանը ձեռնարկը կյանքի է կոչել իր տաղանդավոր ընկերների աջակցությամբ:  Նման ձեռնարկի ստեղծումն ու հրատարակումը երաժշտի երազանքն է եղել: Երկար տարիներ նվագելով, դասավանդելով՝ նա իր փորձն ու հմտություններն է փոխանցել  երեխաներին և եկել այն եզրակացության, որ խոսքը շատ կարևոր է, սակայն անհրաժեշտ է ձեռնարկ, որը հնարավորություն կտա առավել դյուրին ընկալել դհոլի առանձնահատկությունները:

Ըստ Խաչատրյանի՝ չկա հայ երեխա, որը կապ չունենա դհոլի հետ: «Երբ ծնողները երեխաներին բերում են երաժշտական դպրոց դհոլ նվագել սովորելու, միշտ նշում են, որ երեխաները նվագում են սեղանին, աթոռին և այլուր: Դա մեր արյան մեջ է»,- շեշտեց Սերգեյը:

Ձեռնարկը բաղկացած է ձայնի վերարտադրման տեխնիկայի, նոտաների նշագրման, դհոլի տերմինաբանության, երաժշտական տարրական տեսության, վարժությունների, էտյուդների բաժիններից:
Շնորհանդեսին ներկա էին երաժշտարվեստի բազմաթիվ սիրված ներկայացուցիչներ, որոնք եկել էին շնորհավորելու և սատարելու իրենց ընկերոջն ու գործընկերոջը:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում: 2007 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ֆակուլտետը: Սերգեյը (էֆո) մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների ու փառատոնների՝ վերադառնալով դափնեկրի դիպլոմներով: 2013 թվականին հիմնել է «Էֆո» դհոլի ստուդիան: 2014-ին ստեղծել է «Էֆո Դհոլ» ապրանքանիշը, որն առաջարկում է բարձրորակ դհոլների տեսականի յուրահատուկ հնչողությամբ ու ձևավորմամբ: