Սամվել Կարապետյանը «Forbes»-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում, որը կազմել է «Forbes» պարբերականը:

Forbes-ի գնահատմամբ` Սամվել Կարապետյանը 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով 46-րդ տեղն է զբաղեցրել ռուսաստանցի գործարարների ցանկում: Այսպիսով, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի կարողությունը 2020 թվականի արդյունքների համեմատ աճել է 32 տոկոսով։

Կարապետյանը «Forbes»-ի ամենահարուստ գործարարների ցանկում է 2011 թվականից։ Վարկանիշում 200 անուն է ընդգրկված։ Ավելի վաղ նա միլիարդատերերի (Forbes world ‘ s Billionaires List) համաշխարհային վարկանիշում զբաղեցրել էր 925-րդ տեղը:

«Տաշիրը» ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական-շինարարական խումբ է, որի կազմում են ընդգրկված Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող շուրջ 200 ընկերություններ և ձեռնարկություններ: Հիմնադրվել է 1999թ.–ին և ավելի քան 20 տարի շարունակ ավելացնում է ակտիվները ռուսական շինարարության և զարգացման շուկայում, ընդ որում` հաջողությամբ բիզնես է ծավալում ֆինանսական և էներգետիկ ոլորտներում, արդյունաբերության, ռիթեյլի, ռեստորանային բիզնեսի և այլ ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեություն է ծավալում Ռուսաստանի և արտերկրի 51 քաղաքում։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։