Անջելինա Ջոլին բացահայտել է՝ ինչպես է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունն ազդել իր կարիերայի վրա

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին Entertainment Weekly-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2016-ին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո իր 6 երեխաներին խնամելու համար ստիպված է եղել հրաժարվել ռեժիսորի դերում հանդես գալու մտքից։

Դերասանուհին, որը 2016-ից հետո նկարահանվել է սակավաթիվ ֆիլմերում, հայտնել է՝ հնարավորության դեպքում կցանկանար ավելի հաճախ հանդես գալ ռեժիսորի դերում։

«Ես սիրում եմ ռեժիսորի աշխատանքը, բայց ընտանեկան կյանքում փոփոխությունները վերջին մի քանի տարիներին ինձ թույլ չեն տվել դրանով զբաղվել։ Ես պետք է կարճ ժամանակ պահանջող աշխատանքներով զբաղվեմ և արագ տուն վերադառնամ, այդ պատճառով վերջին տարիներին վերադարձել եմ դերասանական աշխատանքին։ Սա է ճշմարտությունը»,- հայտնել է դերասանուհին։

Օսկարակիր դերասանուհու խոսքով՝ ռեժիսորական փորձը փոխել է կինոարտադրության վերաբերյալ իր պատկերացումը։

«Զուտ տեխնիկական տեսանկյունից ես ավելի լավ եմ հասկանում՝ ինչ է պետք ռեժիսորին, և ինչ այլ խնդիրների են նրանք բախվում»,- հավելել է դերասանուհին։

Նշենք, որ Ջոլիի և Փիթի հարաբերությունները սկսվել էին 2004 թվականին՝ «Միսթր և Միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Զույգը պաշտոնապես ամուսնացել է 2014 թվականին, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել է: Զույգը 6 երեխա ունի։