«Ժո´ռ, բարև, հազիվ ախպեր, էս քեզ բռնել չի լինում։ Գնացիր կորար, չասիր էն մատանու չափը լավ էր, լավ չէր․․․»․«Անհայտ բաժանորդ» ֆիլմի հերոս Ժոռի (Սոս Ջանիբեկյան) հեռախոսազրույցը առևտրականի հետ ձայնագրման ստուդիայում այնքան լսեցի, որ հաջորդ օրն էլ մտքիցս դուրս չէր գալիս։ Ռեժիսոր Արշո Հարությունյանի համար ամեն դետալ պետք է կատարյալ լինի։
«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերային մնացել է մի քանի շաբաթ։ Հիմա ֆիլմի վերջին շտրիխներն ու շտկումներն են կատարվում։ Եվ հարցազրույցից առաջ մեզ բախտ վիճակվեց ներկա գտնվելու ձայնագրման գործընթացին։ Ինչ խոսք, պրեմիերայից առաջ ֆիլմի ստեղծման աշխատանքային պրոցեսին ականատես լինելը տպավորիչ էր:
«Անհայտ բաժանորդը» հայտնի ու սիրված «Կատարյալ անծանոթները» իտալական ֆիլմի սցենարից է վերցված։ Այդ սցենարով մենք արդեն 9-րդ երկիրն ենք, որ ֆիլմ ենք նկարում, շուտով մեզնից հետո նաև կլինի Ուկրաինայում ու դրանից հետո այլևս ֆիլմի սցենարի հեղինակային իրավունքը չի վաճառվի։ Ֆիլմի նախագիծը շատ հայտնի է ամբողջ աշխարհում և դրա ապացույցն էլ հենց այդքան ռեմեյք ունենալն է։ Նախագիծը ռեժիսոր Արշո Հարությունյանը վաղուց է ցանկացել էկրանավորել։ Երբ սցենարն արդեն ձեռքին էր, փորձել է տարբերակներ գտնել, սակայն չի ստացվել, դրա համար էլ ներկայացումն է բեմադրել, որը կոչվել է «Սև արկղ»։
«Ներկայացումը սիրվեց, այն բավականին հետաքրքիր էր ու դրա շնորհիվ էլ հետո առաջարկ ստացա ֆիլմ նկարելու։ Ֆիլմի թեման շատ արդիական է, այն ժամանակակից մարդու մասին է՝ իր բոլոր խնդիրներով, մարդկային հարաբերություններով։ Թեման շատ նուրբ է՝ հագեցած դրամատուրգիայով։ Իհարկե, յուրաքանչյուր կինոարտադրող այն փոփոխում և ավելի իր ազգայինին համապատասխան է դարձնում։ Եվ այդ իմաստով մեր նկարածը բավականին տարբերվում է մյուսներից և հպարտորեն կարող եմ նշել, որ մենք ուժեղ մրցակից ենք հենց այդ առումով»,- պատմում է ռեժիսորը։
ShowBiz.am-ը զրուցել է «Սկոտչ և վիսկի», «Մեղրամիս», «Հայրեր» ֆիլմերից մեզ արդեն հայտնի ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ, ով հիմա էլ աշխատում է նոր «Անհայտ բաժանորդ» ֆիլմի վրա։ Ռեժիսորի հետ քննարկեցինք սցենարական մանրամասների, հայտնի դերասանական կազմի ընրության, նկարահանումների ընթացքի և սպասվող պրեմիերայի մասին։
– Ֆիլմի մեջ ի՞նչը Ձեզ գրավեց, ո՞րն է առանցքային գիծը, որ որոշեցիք՝ դրա հայկական տարբերակն էլ պետք է լինի։
– Ֆիլմում ինչ-որ առանձնահատուկ բան չի եղել, որ ասեմ՝ հենց դրա համար եմ որոշել այն նկարել։ Ինձ ընդհանուր սյուժեն էր հետաքրքրել, որովհետև շատ ժամանակակից է, հենց մեր օրերի մասին։ Հիմա կյանքում կան այնպիսի մարտահրավերներ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք։ Հիմա ամեն ինչ փոխվել է․․․ գաջետները դարձել են մեր կյանքի անբաժան մասը, այն ինչը, որ մենք ունենք մեր հեռախոսների մեջ, այն բոլոր գաղտնիքները, որոնք կան և որոնց բացահայտվելու արդյունքում փոխվում ենք թե´ մենք և թե´ այն մարդիկ, ովքեր իմացել են դրանց մասին։ Այսինքն այն ստիպում է, որ ամեն ինչ փոփոխության ենթարկվի։
– Դերասանական կազմի ընտրությունը ինչպե՞ս է տեղի ունեցել։ Նրանք ընտրվել են, քանի որ հենց իրե՞նց եք պատկերացրել այդ դերում, թե՞ հաշվի եք առել, որ նրանց հայտնիությունը կանդրադառնար նաև ֆիլմի հաջողության վրա։
– Անշուշտ կինո նկարելուց առաջ ամեն ինչ պետք է հաշվի առնել։ Կինոն կոմերցիոն նախագիծ է և հատկապես այս մեկը, որ նկարում ենք։ Իհարկե մեծ նշանակություն ունի դերասանների սիրված և հայտնի լինելը, բայց հանդիսատեսը ֆիլմում կտեսնի նաև ոչ հայտնի դերասանների, ովքեր մեդիադեմքեր չեն, բայց իրենք էլ են շատ լավը։ Այսինքն՝ ես այնպիսի դերասանական կազմ եմ ընտրել, ովքեր առաջին հերթին լավ դերասաններ են և հետաքրքիր անհատականություններ ու իրենց գործը այս մասով շատ լավ են կատարում։ Հանդիսատեսը ֆանտաստիկ դերասանական խաղ է տեսնելու։ Բայց նաև շատ կարևոր դեր է խաղում նրանց հայտնի լինելը, դա իր հերթին կապահովի դահլիճում մեծ թվով հանդիսատեսի ներկայությունը։
– Սեպտեմբերի 5-ին պրեմիերան է․ աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվե՞լ են, թե՞ դեռ կիսատ մնացած գործեր կան։ Նկարահանումներն ինչպե՞ս են ընթացել։
– Հիմա վերջին շտրիխներն ու շտկումներն են արվում։ Մնացել են հնչյունային փոքրիկ ուղղումներ արվեն ու ամեն ինչ պատրաստ կլինի։ 99 %-ով աշխատանքներն արդեն արված են։
Թե´ նկարահանող խումբը, թե´ դերասանական կազմը խոստովանել են, որ այնպիսի նկարահանման հրապարակ, ինչպիսին եղել է «Անհայտ բաժանորդը» ֆիլմում, երբեք ոչ մեկը դեռ չի ունեցել։ Իսկապես մթնոլորտը ֆանտաստիկ ու անասելի լավն է եղել, անիմաստ ոչ մեկը չի նյարդայնացել ու լարվել։ Բարդություններ, իհարկե, եղել են՝ կապված հոգեբանական ծանր տեսարանների հետ։ Էլ չասեմ, որ ամբողջ ընթացքում պայքարում էինք արևի ու շոգի դեմ։ Բայց վերջում ամեն ինչ մեր ուզածով է ստացվել։
– Ֆիլմը միայն Հայաստանում է ցուցադրվելու, թե՞ հնարավորություն կա նաև դրսում հայտնվելու։
– Ֆիլմի հեղինակային իրավունքը, այսինքն նկարահանման էկրանավորման իրավունքը մենք ստացել ենք հայալեզու հանդսատեսի համար։ Այսինքն՝ միջազգային փառատոնի այն մասնակցել չի կարող։
– Ժամանակակից կինոարտադրողը ի՞նչ խնդիրների է բախվում Հայաստանում։ Ի՞նչ եք կարծում ամենամեծ խոչընդոտը գումարի բացակայությունն է, թե լավ գաղափարի ու սցենարի։
– Ես կարծում եմ՝ ոչ միայն ֆիլմի համար, այլ նաև ցանկացած բնագավառում, ցանկացած գործի մեջ բոլոր կոմպոնենտներն էլ շատ կարևոր են․ և´ գաղափարը, և´ սցենարը, և´ դերասաններն ու ռեժիսորը, և´ գումարը։ Ամեն ինչը պետք է լինի տրամաբանական ու հավուր պատշաճի։ Իրոք, Հայաստանում կինոարտադրությունը հիանալի վիճակում չէ, մենք շատ խնդիրներ ունենք, որոնց մասին կարելի է շատ երկար խոսել։ Կարծում եմ՝ մենք ունենք համապատասխան ուժեր ու հնարավորություններ լավ ֆիլմ նկարահանելու, չնայած որ օրինակ՝ Հոլիվուդում դա ինդուստրիա է, իսկ մեզ մոտ չեմ էլ կարող ասել, թե ինչ է։ Իմ կարծիքով ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենք կինոդպրոց։ Այսինքն՝ մենք չունենք համապատասխան մասնագետներ, ովքեր կինոյում կկարողանան աշխատել։ Ու էլի շատ մեծ ու փոքր խնդիրներ ու խոչընդոտներ։
– Ըստ իս, արտասահմանյան կինոինդուստրիայում վրացական կինոն ավելի լավ է ներկայացված, քան մերը՝ հայկականը, ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ մենք այդ մակարդակը դեռ չունենք։
– Համաշխարհային կինոարենայում երկու տիպի ֆիլմեր են շատ շրջանառվում․ մեկը հեղինակային ֆիլմերը, մյուսը՝ շատ կոմերցիոն բլոկբաստերները։ Մեջտեղում շատ ֆիլմեր կան, որոնք աննկատ են մնում։ Հեղինակային ֆիլմերի ստեղծման համար ծախսվում է շատ գումար, սակայն այն կոմերցիոն չէ և շատ գումար հետ չի բերում, իսկ կոմերցիոն նախագիծն էլ պետք է լինի թանկ և «գրավիչ»։ Սրանք նախապայմաններ են, որոնք մենք հաճախ չենք կարողանում ապահովել։ Վերցնենք մեր հարևան պարսիկներին, ովքեր իրենց ֆիլմերը բազմաթիվ համաշխարհային կինոփառատոններում կարողանում են ներկայացնել, ինձ թվում է՝ դա նրանից է, որ պարսիկները նկարում են հենց իրենց մասին՝ շատ ազգայնացված ու կենցաղային դարձած։ Կարևոր է նաև այն, թե աշխարհը ինչի է սպասում և ինչ է ուզում մեզնից։ Եթե մենք էլ հիմա պրովոկացիոն ֆիլմեր նկարենք, մենք էլ դրան կհասնենք։ Իսկ ինչ վերաբերվում այն հարցին, թե ինչու աշխարհը ծանոթ չէ մեր ֆիլմերին, ապա բոլոր տեղերում էլ այդպես է։ Ամեն երկիր էլ ունի իր ներքին սպառման շուկան և կան եզակի երևույթներ, որոնք հնարավորություն են ստանում երկրից դուրս գալու, իհարկե, բացառությամբ Հոլիվուդի ու իր արտադրած բլոկբաստերների։
– Եվ վերջում վերադառնալով «Անհայտ բաժանորդ» ֆիլմին՝ ինչպիսի՞ն են սպասումները, ի՞նչ եք կարծում հանդիսատեսը կհավանի։
– Մարդիկ գալու են կինոթատրոն տեսնելու հետաքրքիր սցենար, լավ դերասանական կազմ, տրամաբանված ֆիլմ, ճիշտ ու լավ գունային լուծումներ, այսինքն որակով արտադրանք։ Ես վստահ եմ, որ արձագանքը լավ է լինելու, մենք դրա համար ամեն ինչ արել ենք։
Հեղինակ՝ Լուս Ավագյան