«Այս տարի կորցրի երկու շատ կարևոր մարդու իմ կյանքում»․ Նարե Համբարձումյանը՝ կորուստների, ընտանիքի և նոր աշխատանքի մասին

Հեռուստահաղորդավարուհի Նարե Համբարձումյանն այս շրջանում փորձում է համատեղել մանկահասակ որդու դաստիարակության հարցերն ու նոր աշխատանքը։ Նախորդ տարին, որը զերծ չէր կորուստներից, բավականին ծանր հետևանքներ թողեց Նարեի կյանքում։ Իսկ երիտասարդ մայրիկին այդ ամենը հաղթահարելու գործում օգնեցին որդին, ամուսինն, ինչպես նաև աշխատանքը։

ShowBiz.am– հետ հետ զրույցում Նարեն պատմել է հարազատ մարդկանց կորստի, որդու խնամքի, նոր աշխատանքի ու պլանների մասին, ինչպես նաև անդրադարձել է մայր լինելու պատասխանատու հարցին՝ շեշտելով, որ դրա հետ մեկտեղ հարկավոր է երբեք չմոռանալ կին լինելու առանձնահատկությունների մասին։

«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում մենք երկար ժամանակ՝ հատկապես սկզբնական շրջանում, տանն էինք ընտանիքով։ Վերգտանք մեր հանգստությունը, կարելի է ասել, իրար հետ լինելը վայելեցինք։ Բայց հետո, որպես ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ, այդ երկարատև հանգստի վիճակը սկսեց ձանձրացնել։ Դրա համար ինչ-որ ելքեր էինք փնտրում՝ գոնե դուրս գալու, զբոսնելու տարբերակով։ Չմոռանամ նշեմ, որ մենք էլ ընտանիքով վարակվեցինք կորոնավիրուսով։ Իհարկե շատ ծանր չտարանք, բայց ամեն դեպքում շատ տհաճ երևույթ էր»,- պատմում է Նարեն, ապա հիշում դրան հաջորդած է՛լ ավելի բարդ և հոգեցունց վիճակը, որում հայտնվեց ամբող հայ ժողովուրդը․ «Հաղթահարցինք վիրուսը, ու սկսվեց պատերազմը։ Պատերազմը աննկարագրելի վատ, լարված շրջան էր բոլորիս համար։ Տասնյակ անքուն գիշերներ, շատ մտերիմ ընկերներ ու հարազատներ ունեինք, ովքեր առաջնագծում էին։ Եվ ցավոք սրտի, իմ շատ մտերիմ ընկերը չվերադարձավ։ Չգիտեմ․․․ իրոք այդ ընթացքն անբացատրելի էր, և երևի թե հեղաշրջում եղավ հենց իմ կյանքում։ Ես այս տարի կորցրի երկու շատ կարևոր մարդու իմ կյանքում, չեմ վախենա ասել՝ իմ կյանքի կարևոր մասնիկներին։ Գագը, ով զոհվեց պատերազմում և պապիկս, ով մահացավ կորոնավիրուսից։ Այսինքն՝ այդ երկու թեմաներն էլ ինձ ցավոտ են և անդառնալի հետք են թողել իմ կյանքում։ Այդ ժամանակահատվածը հիշելիս մենակ ցավ եմ ապրում, ես արդեն համակերպվել եմ, որ այն երբեք չի բուժվի։ Ամեն դեպքում նրանք ինձ հետ են այնքան ժամանակ, որքան ես կապրեմ , իսկ հիմա ես համակերպվում եմ նրանց պարզապես ֆիզիկապես իմ կողքին չլինելու փաստին»։

Մեկ տարվա աշխատանքային դադարից հետո Նարե Համբարձումյանը վերադարձել է աշխատանքային հաճելիորեն ծարաբեռնված գրաֆիկին, սակայն այս անգամ այլ գործով։ «Այս ամեն ինչից հետո ես նոր վերադարձա աշխատանքիս։ Շատ պատահաբար անցա իմ նոր աշխատանքին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Սակայն նշեմ, որ պլաններ կան Հանրային հեռուստաընկերության հետ կապված, բայց դա արդեն մի քանի ամիս անց։ Իսկ այստեղ զբաղվում եմ կամերային համերգների կազմակերպմամբ, էլի ինձ շատ հարազատ աշխատանք է, քանի որ առհասարակ օպերային թատրոնի շենքը ինձ շատ սիրելի է, ես դեռ մանկուց հաճախ եմ եղել այդտեղ, այդ պատերը ինձ շատ հարազատ են, և ես ինձ միանգամից գտա նոր կոլեկտիվում»։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հեշտ է ստացվում համատեղել սիրելի աշխատանքն ու երեխայի խնամքը, ինչին ի պատասխան Նարեն նշեց․ «Երեխան դեռ փոքր է, մանկապարտեզային տարիքում չէ, դրա համար դայակի օգնությանն եմ դիմել, բայց կարգավորում եմ այնպես, որ գոնե ինչ-որ ժամանակ կարողանանք իրար հետ անցկացնել։ Առավոտյան դե շուտ ենք արթնանում, և ես այդ ժամանակը փորձում եմ օգտագործել Մարկի հետ անցկացնելու համար։ Երեկոյան էլ աշխատում եմ շատ ուշ չվերադառնալ, եթե իհարկե համերգներ չեն լինում, և մինչև իր քնելու ժամը էլի միասին ենք լինում։ Իսկ շաբաթ և կիրակի օրերը լիովին տրամադրում եմ փոքրիկիս, ու մենք անպայման ինչ-որ բան պլանավորում ենք այդ օրերի համար»։

Մարկը Նարեի և Արմեն Սարգսյանի առաջնեկն է․ շատերն են պնդում, որ առաջին երեխայի դեպքում ամեն բան ավելի ծանր ես տանում, շատ բաների ավելի մեծ ուշադրություն ես դարձնում, ինչը գալիս է անփորձությունից, ինչպես նաև անորոշության հետևանքով ունեցած վախերից։ Նարեն կիսվում է իր փորձով․ «Ես բազմիցս նշել եմ, որ այդ դժվարությունները միշտ կան, այդ ամենը կախված է միայն մարդու տեսակից։ Ես ինձ երբեք չեմ հիշում ինչ-որ դեպրեսիվ վիճակում գտնվելիս, այսինքն՝ ես ինքս ինձ թույլ չեմ տալիս հասնել այդ իրավիճակին։ Իհարկե, եղել են դժվարություններ, բայց այդ դժվարությունները հաղթահարելի են ցանկացած պարագայում, մանավանդ, երբ կողքիդ քեզ հասկացող և աջակցող մարդիկ են լինում։ Լավատեսությունը ինձ մոտ շատ-շատ է, դրա համար էլ փորձում ենք ցանկացած բարդություն հաղթահարելով առաջ շարժվել։ Փորձում եմ լավ մամա լինել։ Տեսնենք, Մարկը մեծանա, երևի արդեն հենց ինքը կասի՝ ինչ բացթողումներ եմ ունեցել։ Բայց ամեն դեպքում, ես զգում եմ՝ երբ երեկոները տուն եմ վերադառնում, Մարկն ինձ կարոտած է լինում»։

Իսկ արդյո՞ք հեշտ է երեխայի հետ ժամանակ գտնելն ու այն հատկացնելը անձնական կյանքին ու ընկերներին, Նարեն կարծում է, որ՝ այո, հեշտ է։ «Ես դա ոչ թե երեխայի հետ եմ կապում, այլ օրինակ՝ կոնկրետ ժամանակահատվածների։ Որովհետև ժամանակ է եղել, երբ ես ընկերներիս շատ կարոտած եմ եղել, ու մենք պայմանավորվել ենք հանդիպելու համար, բայց այդ պահին ոչ դայակ եմ ունեցել, և ոչ էլ մայրիկիս է հարմար եղել, և ես Մարկին ուղղակի ինձ հետ եմ տարել։ Այսինքն՝ ես այդ հարցն էլ չեմ ծանրացնում։ Նախ Մարկը բնավորությամբ շատ հանգիստ երեխա է և իր հետ իրոք շատ հեշտ է, բացի այդ էլ իմ ընկերներն էլ են Մարկին շատ սիրում և նրանց էլ է հաճելի երեխայի հետ ինչ-որ ժամանակ անցկացնելը»։

Իսկ այս ամենից զատ հաղորդավարուհին կարծում է, որ կինը երբեք չպետք է մոռանա իր «ես»-ի մասին և մշտապես պետք է լինի խնամված և գեղեցիկ՝ թեկուզ հենց իր սիրելիների համար․ «Այդ ամեն ինչը դարձել են իմ առօրյայի անբաժան մասը, ինչպես օրինակ՝ նախաճաշելը կամ սուրճ խմելը։ Դեմքի խնամքը, մազերի խնամքը, որին այս շրջանում հատկապես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ, հետևում եմ թե վիտամինային հավելումների առումով, թե շամպունի փոփոխությամբ, ամեն ինչին փորձում եմ հետևողաբար մոտենալ։ Մարզասրահ այցելում էի, բայց կորոնավիրուսի տարածվելուց հետո դադարեցրի։ Մարկը դեռ 6 ամսական էր, երբ սկսեցի մարզվել, շարունակեցի մի քանի ամիս, բայց արդեն հասկանալի պատճառներով կիսատ թողեցի։ Բայց ես հիմա զգում եմ, թե ինչքան ունեմ այդ մարզումների կարիքը՝ էներգիա ծախսելու առումով։ Մարզումներն ինձ իրոք ուժ էին տալիս, ինչպես նաև շատ բարձր դիմադրողականություն։ Իսկ կազմվածքի առումով, երևի թե, պետք է բնությանը շնորհակալություն հայտնեմ, քանի որ ես անգամ հղիությունից հետո քաշի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել։ Բայց ամեն դեպքում ես սիրում եմ հետևել այդ ամեն ինչին, որովհետև ուզես, թե չուզես մարմինդ փոփոխությունների է ենթարկվում, իսկ այն անհրաժեշտ է մշտապես լավ կազմվածք ունենալու համար»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան