Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ակադեմիական երգչախումբն ու օպերային աստղերը կկատարեն Վերդիի «Ռեքվիեմը»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, համագործակցելով Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանի, Օլեսյա Պետրովայի, Լիպարիտ Ավետիսյանի, Եվգենի Ստավինսկու հետ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Լրագրողներն ապրիլի 22-ին հնարավորություն ունեցան մասնակցել համերգի փորձին, զրուցել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

Թոփչյանն ասաց, որ ամեն տարի համերգ են նվիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կատարելով տարբեր հեղինակների ռեքվիեմներ: Այս անգամ անդրադարձել են Վերդիի «Ռեքվիեմին»: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 23-ի գիշերը Ծիծեռնակաբերդում՝ բացօթյա հարթակում կատարելու են այս ստեղծագործությունը, սակայն ապրիլի 25-ին էլ Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնեն «Ռեքվիեմը», որպեսզի իրենց կատարած աշխատանքն առավել ցայտուն երևա, հաճույք ստանան Վերդիի գերհանճարեղ գործից: «Կարծում եմ՝ մարդկությունն այս ստեղծագործությունից առավել լավ բան չի ստեղծել, և այն ավելի քան համահունչ է ապրիլի 24-ի խորհրդին»,- շեշտեց Թոփչյանը:

Խոսելով մենակատարների մասին՝ դիրիժորն ասաց, որ նրանց հետ հաճախ է աշխատել և շատ է սիրում, գնահատում մեներգիչներին: «Ռուզան Մանթաշյանն իր փառահեղ, գեղեցիկ ձայնով ու կատարյալ երգեցողությամբ է միացել մեզ: Մեզ է միացել Օլեսյա Պետրովան, որը մեծագույն երգչուհի է: Բոլորն են հրաշալի արտիստներ: Լիպարիտը, որն ըստ իս Վերդիի «Ռեքվիեմը» պատմության մեջ բոլորից լավ է երգում և Եվգենի Ստավինսկին, որը հրաշալի բաս է, հանրահայտ, փորձառու երաժիշտ: Մեծ բավականություն է նման երաժիշտների հետ այսպիսի պատասխանատու ու կարևոր հարցը բարձրացնելը»,- շեշտեց Էդուարդ Թոփչյանն ու հավելեց, որ մեներգիչները մշտապես հաճույքով են համագործակցում նվագախմբի հետ, սիրում են Հայաստանը: Թոփչյանը պատմեց, որ Պետրովան ինչ-որ փաստաթուղթ ստորագրելիս նշել է, որ ամուսնանում է ամբողջ հայ ժողովրդի հետ:

Ֆիլհարմոնիկը վաղուց է աշխատում նաև մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ:  Թոփչյանի խոսքով՝ այդ փաստից շահում են և՛ նվագախմբի երաժիշտները, և՛ հայ երաժշտասեր հասարակությունը: «Չնայած իր պատկառելի տարիքին, Չեքիջյանը ղեկավարում է կապելան ու կարողանում է միշտ կարգուկանոն պահպանել երգչախմբում, որն անընդհատ աճում է: Շնորհակալ եմ մաեստոր Չեքիաջյանին, որ միշտ մեր կողքին է»,- նշեց դիրիժորը:

Դիրիժորի համոզմամբ՝ ամեն հայ երեխա ծնվում է Հայոց ցեղասպանության ցավը սրտում: «Մենք չենք դադարում ցեղասպանվել, պակասել, կորցնել: Ես ուզում եմ, որ այլևս ոչ մի հայ պատերազմներում, մարտերում չզոհվի: Երկրում պետք է ապրել, և բոլոր հայերը պետք է  այնպես ապրեն Հայաստանում, որ օտար երկրներում բնակվող հայրենակիցներն էլ վերադառնան: Մեզ թվում է, որ ինչ-որ բանի համար պետք է զոհվել: Ոչ մի հայ չպետք է զոհվի այլևս»,- եզրափակեց նա:

Մեներգչուհի Ռուզան Մանթաշյանը խոստովանեց, որ նվագախմբում շատերն են իրեն հարազատ, իսկ երգչախմբում ունի ընկերներ, համակուրսեցիներ: Երգչուհին «Ռեքվիեմի» կատարումը խորհրդանշական է համարում: «Այն ինձ համար ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև վերջին պատերազմի զոհերի հիշատակին է նվիրված: Հուզական ելույթ է, բայց աշխատում ենք ամուր լինել»,- նշեց Մանթաշյանը: