Երկրպագուներն առաջին անգամ կտեսնեն Արամեի երեխաներին. նրանք նկարահանվել են երգչի նոր տեսահոլովակում

Օրեր առաջ երգիչ Արամեն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։ Լուսանկարին կից երգիչը անգլերենով օգտագործել էր «շուտով» հեշթեգը, ինչպես նաև հետաքրքրվել էր իր հետևորդներից՝ արդյոք սպասում են իր և կնոջ համատեղ աշխատանքին։
Երկրպագուները ենթադրել էին, որ ամուսինները կներկայանան նոր զուգերգով։

Արամեի պրոդյուսերը `Սյոմա Կոդաբաշյանը, Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է, որ ամուսինները հանդես չեն գա զուգերգով, պարզապես, Աննան հանդես կգա Արամեի նոր` «Ես ու դու» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Սյոման նաև հավելում է, որ տեսահոլովակում երկրպագուներն առաջին անգամ կտեսնեն Արամեի երեխաներին:
Նշենք, որ Արամեն ունի 2 փոքրիկ, որոնց լուսանկարները նա երբեք չի հրապարակում սոցիալական ցանցերի իր էջերում

Թե ինչու այսքան տարի Արամեն չէր հրապարակում երեխաների լուսանկարներն, ու ինչպես ստացվեց, որ փոքրիկները նկարահանվեցին երգչի նոր տեսահոլովակում, Սյոման ասում է. «Քանի որ երեխաների հետ կապված երբեք հրապարակումներ չեն արվել, լրատվամիջոցները հաճախ զանգում էին, ցանկանում էին իրականացնել ֆոտոսեսիաներ, ու մենք որոշեցինք փոքրիկներին ցույց տալ հենց նկարահանումների տեսքով:
Օրինակ, երբ Աննան երեխայի էր սպասում, լրագրողները զանգահարում էին, սակայն նրանց բոլոր հարցերին պատասխանեցինք տեսահոլովակի կերպով: Հիմա էլ ես առաջարկեցի Արամեին նկարահանել տեսահոլովակում երեխաներին, և Արամեն համաձայնվեց»:  

Պրոդյուսերը նշում է, որ նկարահանումները շատ լավ են անցել, չնայած ինքը վախենում էր, որ երեխաների հետ շատ բարդ կլինի, որովհետև առաջին անգամ են նկարահանվում, բայց նկարահանման ամբողջ ընթացքն ընդամենը 1 ժամ է տևել:

Սյոման հայտնում է, որ տեսահոլովակի պրեմիերան ավելի ուշ է լինելու` 2 ամսից, իսկ երգը ձայնագրվել էր վաղուց:
Այս պահին Արամեն Մոսկվայում է` համերգային շրջագայությամբ, և  մայիսին շատ քիչ է Երևանում լինելու:

Սյոման կիսվում է ևս մեկ նորությամբ` ասելով, որ հնարավոր է` Աննան Արամեի հետ հանդես գա զուգերգով:
«Միտք կա, որ Աննան զուգերգով հանդես գա Արամեի հետ, բայց դա դեռ քննարկման փուլում է: Կար երգ, որը ձայնագրվեց, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա լուսաբանումը հետաձգվեց:
Հիմա մտածում ենք երգ գտնել հենց Աննայի համար, որը նա կներկայացնի երկար դադարից հետո, բայց դեռ չենք գտել »:

Նոր երգի խոսքերի հեղինակը Դիանա Մարդանյանն է, իսկ երաժշտությունը գրել է Օֆելյա Մկրտչյանը:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան