«Կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա. ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ հույս ունի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերջապես կճանաչի պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը։

«Կարծես թե, Ջո Բայդենը պատրաստվում է վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ դա իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»,- տեսանյութում ասում է Օհանյանը՝ հայտնելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին, նշում է իր 38-ամյակը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը խորապես արմատավորված է հայերի հոգեկերտվածքի մեջ, քանի որ հայերն ավելի քան 100 տարի ստիպված են եղել հանդուրժել այլոց ժխտողականության քաղաքանությունը։

«Քաղաքականությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այն, ինչը նվազագույնն  է, որ մենք՝ ամերիկացիներս, կարող ենք անել, բայց դա կարևոր քայլ է, քանզի Ցեղասպանությունը մեր՝ հայերիս և հատկապես սփյուռքահայերի ինքնության մասն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ»,- նշել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ «աշխարհասփյուռ հայերի համար է՛լ ավելի ցավալի է այն փաստը, որ այդ ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում՝ աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից»։

«Սա կարևոր քայլ է, չեմ ցանկանում հուսախաբ լինել, քանի որ միևնույն խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա և ես այդ կապակցությամբ չափազանց ոգևորված էմ։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»,- եզրափակում է Օհանյանը։